ՌՈՒԶԱՆ.— (աշխատելով հեռացնել նրան) Հեռո՞ւ... Անխոհեմ աղջիկ. ինձ չկարողացան արգելել իմ ծնողների արտասվալից աչքերը, և այժմ դո՞ւ պիտի արգելես. հեռո՞ւ ասում եմ քեզ: (Հեռացնում է նրան):
ՇԱՆՈՒՅՇ.— Բայց դու չգիտես, տիրուհի, թե ի՜նչ հանցանք ես գործում նրանց դեմ. թե ի՜նչ թշվառություն ես բերում նրանց գլխին... Եթե տեսնեիր, թե ինչպե՜ս էր կոծում մայրդ և դառն արցունքներ թափում... Եթե տեսնեիր, թե ինչպես ողբում էր հայրդ, և ինչպե՜ս լալիս ու ճիչեր էին արձակում քույրդ, փոքր եղբայրներդ, և ամրոցը դղրդում էր նրանց հեկեկանքների ձայնից...
ՌՈՒԶԱՆ— (արտասվահույզ) Ա՜հ լռի՛ր, Շանույշ, այդ բոլորը ես գիտեմ, բայց դու նորեն պատմելով կարտում ես իմ սիրտը, լռի՛ր...
ՇԱՆՈՒՅՇ.— Իսկ Ներսեհի համար դեռ ոչինչ չասացի, տիրուհի, թե ինչպես վիրավոր և հուսահատ...
ՌՈՒԶԱՆ.— (արագ ընդհատելով) Բավակա՛ն է, Շանույշ, դու կամենում ես թուլացնել իմ արիությունը, բայց այդ չի հաջողիլ քեզ. ես գիտեմ իմ զոհաբերության ծանրությունը. բայց նա անհրաժեշտ է։ Այժմ թո՛ղ ինձ, գնա՚ իմ սիրելիների մոտ և տա՛ր նրանց իմ վերջին ողջույնը։ Ասա' իմ մորը, որ ես թշվառացող ծնողաց անեծքները իրենից հեռացնելու համար զոհեցի ինձ... Ասա' իմ հորը՝ որ յուր ժողովրդի ազատությունը գնելու և յուր փառավոր անունը ապագայում արատից զերծ պահելու համար զոհեցի ինձ. ասա իմ սիրելի քրոջն ու եղբայրներին՝ որ իմ անունն անմոռաց ունենան և հետևեն իմ օրինակին' երբ այդ հայրենիքը պահանջե... Եվ, վերջապես, ասա Ներսեհին, որ ես իմ սերը խեղդեցի այս թշվառ սրտում միայն նրա’ համար, որ նա յուր բախտը ազգից անիծված մի կնոջ հետ չկապե... Այժմ հեռացի’ր... (Առաջանում է դեպի հովտի կողմը):
ՇԱՆՈՒՅՇ.— (առաջն առնելով) Դու դարձյա՞լ գնում ես։
ՌՈՒԶԱՆ.— (հրելով Շանույշին) Թո՛ղ, ասում եմ քեզ։ (Առաջանում է մի քանի քայլ դեպի խորքը և ապա ճչալով ետ քաշվում):