Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսկ այնուհետև անելիքս որոշված է. այդ մասին այլևս մտածելիք չունիմ… Բայց… (տատանվելով որոշման մեջ): Ո՜հ, ինչպե՜ս դժվար է՝ թողնել իմ ետևից մայրս կիսամեռ, հայրս սգավոր, փեսաս սրտաբեկ… հեռանալ սիրելիներից․ հեռանալ հայրենիքից… և այս ծաղիկ հասակում խամրիլ խորշակահար… Ա՜հ, ծնկներս ծալվում են... (բռնում է ծայրից): Աստվա՜ծ իմ, ուժ տուր ինձ. արիացրո՛ւ ինձ՝ այս լուծը մինչև ի վերջ տանելու… (հեկեկում է և ապա մի քանի քայլ առաջանալով՝ բացականչում): Բայց ի՞նչ եմ անում… Ինչո՞ւ եմ ուշանում․ չէ որ բանբերից առաջ պիտի հասնեմ զոհերին… (առաջանում է դեպի այն կողմը, ուր պահված է նաժիշտը):

ՇԱՆՈՒՅՇ.— (պահված տեղից ելնելով) Բայց ես չի պիտի թողնեմ, տիրուհի։
ՌՈՒԶԱՆ.— (վեր թռչելով) Ա՜հ, Շանո՛ւյշ, դու այստե՞ղ ես. այդ ինչպե՞ս եկար և ինչո՞ւ։
ՇԱՆՈՒՅՇ․— Ո՜հ, տիրուհի, դու չի պիտի գնաս թշնամու մոտ, դու պիտի խղճաս քո ծնողներին։
ՌՈՒԶԱՆ.— Այդ դո՞ւ պիտի սովորեցնես ինձ, խե՜ղճ աղջիկ։ Դարձիր ամրոցն առանց ուշանալու․ դու այնտեղ կհարկավորվիս։
ՇԱՆՈՒՅՇ.— Բայց ո՞ւմ պիտի հարկավորվիմ. իմ միակ տիրուհին այստեղ է. ես եկա նրան ծառայելու․ ես նրան պիտի օգնեմ ամրոցը բարձրանալու։
ՌՈՒԶԱՆ.— Այդ նեղությունը քեզ չի պիտի տամ, Շանույշ, դարձի՛ր, ասում եմ քեզ. մի՛ ուշացնիր ինձ։ Մինչև թշնամուն հասնիլը դեռ բավական ճանապարհ կա. մի փոքր ևս և բանբերը կհասնե բռնավոր տիրոջ մոտ, և կապյալները սրո կերակուր կդառնան․ թող որ շտապեմ նրանց ազատելու։
ՇԱՆՈՒՅՇ.— Եվ քեզ գազանին մատնելու, այնպես չէ՞. ո՜հ ոչ. չեմ կարող․ թույլ չի պիտի տամ։ Եվ եթե ինձ չլսես… (Ընկնում է ծնկան վրա և բռնում է Ռուզանի ոտքերից), այսպես պիտի ընկնեմ քո առաջ․ պիտի փարեմ քո ծնկներով, պիտի արգելեմ քեզ։