Դո՛ւ, որ այդքան փոքր ես և, սակայն, ահավոր զորություն ունիս քո մեջ. դո՛ւ, որ եղծանում ես արարչի հրաշակերտը` նրա երակների արյունը սառեցնելով և զգացմունքների անոթը փշրելով, անշուշտ, ստեղծված ես ո՛չ միշտ չարիքներ ծնանելու համար, և ո՛վ դիմում Է քո օգնությանը` չէ՛ միշտ հանցավոր և անիծապարտ... Երբ բախտի չար կամքով դառնանում է սրտի անուշ քաղցրությունը, երբ բռնության շնորհիվ սիրո արքայությունը փոխվում է դժոխքի, երբ ապականությունը զորանալով` սպառնում է առաքինությանը նախատական կորուստ, այն ժամանակ դու, ո՛վ մահաբեր թույն, դառնում ես տենչալի և արդա՛ր հոգվույն. և եթե նրան բաժանում ես մարմնից և սատար լինում երկինք վերանալու, դրանով արդեն գործում ես բարիք՝ ազատելով հոգին մեղսածին կապերից: (Մատանին խրում Է ոսկյա գավաթի մեջ) օ՛ն, ուրեմն, իջի՛ր հատակն այս ջրի, որ հոսել Է իմ երկրի կուսական լեռներից. հաղորդի՛ր սրան քո բոլոր զորությունը, թունավորի՛ր սրա վերջին կաթիլը, որպեսզի սա սրտիս բերե հավիտենական քուն և փրկե հոգիս սիրատանջ վշտերից.... (տեղից բարձրանալով՝ նայում է հեռուն): Այժմ մնաք բարով, հայրենի լեռնե՛ր, հայրենի երկի՛նք, հայրենի արև, ձեզ վրա նայում եմ ես վերջին անգամ և ձեզ նվիրում իմ ետին շունչը, իմ օրհնությունը... Մնաս բարով և դու, հայո՛ց ժողովուրդ, քեզ սիրեցի ես կաթոգին սիրով և քո փրկության սեղանի վրա (բարձացնում է թունալից գավաթը) դնում եմ, ահա՛, իմ ողջակեզը... Ընդունի՛ր այս զոհը և աղոթի՛ր աստծուն, որ սա լինի վերջինը այն անբավ զոհերի, որ քո որդիքը բերին քեզ կամակար... (խմում է թույնը և վրանի վարագույրը քաշելով՝ մտնում է նրա խորքը):
Էջ:Muratsan, vol. 6.djvu/93
Արտաքին տեսք
Այս էջը հաստատված է