ՋԱԼԱԼ.— (ներս վազելով) Այստե՜ղ է Ռուզանս. (փարվելով աղջկանը). ո՛վ իմ անգին զավակ:
ՌՈՒԶԱՆ.— (դժվարությամբ բարձրանալով գահավորակի վրա) Ներսեհ... հայր իմ... դուք այստե՞ղ... Ո՛վ ամենազոթ աստվա՜ծ..․
ՋԱԼԱԼ.— (անհանգստությամբ) Այս ի՞նչ է, դու հիվանդ ես, սիրեցյա՜լ զավակս։
ՆԵՐՍԵՀ.— Գուցե մի չարի՞ք հասավ քեզ...
ՌՈՒԶԱՆ.— Օ՜, ոչինչ. այս շուտով կանցնի... Աստվա՜ծ իմ, ինչպե՜ս ուրախ եմ․ ուրեմն դուք այստե՛ղ, իմ շուրջն եք... և այս երազ չէ, սիրեցյալ հա՛յր, սիրելի հորեղբա՛յր, և դու Ներսե՛հ, և դո՞ւք իշխաններ, ողջույն ձեզ. о՜, որքան երջանիկ եմ, որ նորեն տեսնում եմ ձեզ... դե՛հ, պատմեցեք այդ ինչպե՞ս եղավ, ինչպե՞ս հասաք այստեղ...
ՋԱԼԱԼ.— Աստուծո օգնությամբ, սիրելի զավակս։
ՌՈՒԶԱՆ.— Բայց պատմեցեք, ես ուզում եմ լսել։
ՆԵՐՍԵՀ.— Հենց որ թշնամին ամրոցի մոտից հեռացավ, մենք դուրս եկանք բերդից մեր սակավաթիվ զորքերով: Հիսնապետներին ցրեցինք գյուղերը զորաժողով անելու, իսկ մենք քայլ առ քայլ հետևեցինք թշնամուն։ Երկու օրվա ընթացքում մեր շուրջը ժողովեցան հինգ հազար քաջեր, որոնց հետ միասին և հարձակվեցանք թշնամու վրա։ Թաթարաց գնդերը չվում էին զաա-զատ. մի քանի կետերում մենք նրանց ջարդեցինք, իսկ մի քանիսում՝ փախուստ դարձրինք։ Վերջին դիմադրությունը եղավ (զույգ տալով) այս հովտում, ուր մեռնողների թվում դժոխք ուղարկեցինք ծերուկ Ջոլային։ Բայց Բուրա-Նուինը փախչողների հետ ազատվեց։
ՌՈՒԶԱՆ.— Օրհնյա՜լ է աստված... իսկ մեր քաջերից մի՞թե շատերն ընկան։
ՆԵՐՍԵՀ.— Հազիվ մի երկու տասնյակ զինվոր...
ՌՈՒԶԱՆ.— Իսկ իշխաննե՞րը՝ բոլորը ողջ են։
ՍՄԲԱՏ.— Միայն Պապաքը զոհ գնաց յուր անխոհեմության։ Նա կամեցել էր դասալիք լինել, ուստի և զինվորներից նետահար եղավ։