Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ
«Ռուզանի» քննադատության առիթով

Թույլ տվեք, խնդրեմ, երկու խոսք ասել նկատմամբ իմ «Ռուզան» դրամայի այն քննադատության, որ լույս տեսավ «Մուրճի» ներկա տարվա մարտի համարում Լ․ ստորագրությամբ։

Իմ երկի քննության մատչելուց առաջ՝ պ. Լ․ թվում է, թե՝ ի՛նչ ու ի՛նչ է հարկավոր հեղինակին պատմական դրամա գրելու համար, որից հայտնվում է այն՝ որ հարկավոր է «ձեռքի տակ ունենալ առատ և լավ ուսումնասիրված նյութ»։ Եվ որովհետև դրա փոխարեն «մենք ձեռքի տակ ունենք հատ ու կտոր տեղեկություններ թղթի վրա, իսկ մեր աչքի առաջ հին կյանքի թողած խղճուկ հետքեր», ինչպես, օրինակ, ավերակների մնացորդներ և այլն, ուրեմն «պետք է ահագին ջանք, երկար տարիների ուսումնասիրություն՝ այդ թղթի կտորներին, ավերակներին մի գեղարվեստական գրվածքի մեջ շունչ ու կենդանություն հաղորդելու համար։ Առանց այդպիսի նախապատրաստության չէ կարող ստեղծվել որևէ պատմական երկ, որովհետև յուրաքանչյուր պատմական գրվածքի (վեպի կամ դրամայի) մեջ ամենից առաջ և ամենից շատ պետք է լինի պատմական ճշմարտություն, չկա այդ ճշմարտությունը՝ և պատմական երկը կներկայացնե մի ողորմելի կեղծիք», ասում է նա։

Բայց մի՞թե այդպես է։— Որ ամեն մի գրվածքի համար «առատ և լավ ուսումնասիրված նյութ» անհրաժեշտ է, այդ ոչ ոք չի հերքիլ։ Բայց թե «ահագին ջանք և տարիների ուսումնասիրություն