Էջ:Muratsan, vol. 7.djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործ դնելով միայն կարելի է թղթի կտորներին ու ավերակներին շունչ ու կենդանություն հաղորդել», այդ ես արդեն նորություն եմ համարում։ Որովհետև մինչև այժմ հայտնի էր, որ «թղթի կտորին ու ավերակներն» շունչ ու կենդանություն տալու համար գեղարվեստագետին հարկավոր է ոչ թե գիտնականի կամ հնախույզի վայել «ահագին ջանք կամ երկար տարիների ուսումնասիրություն», այլ բանաստեղծական հափշտակություն, վառ երևակայություն, ստեղծագործող ուժ և, այդ ամենի հետ միասին՝ մարդկային հոգվո խորքը թափանցելու կարողություն։ Ապա թե ոչ «ահագին ջանքը և երկար տարիների ուսումնասիրությունը», առ առավելն, կարող են թղթի կտորի հաղորդած մի տեղեկությունը դարձնել երկու, կամ ավերակի չորս քարերի վրա ավեյացնել հինգերորդը. բայց խոսեցնել թղթին, վերաշինել ավերակը, հարուցանել նրա մեջ ապրող ու զգացող մարդիկ, անկարող են։

Գալով քննադատ Լ․-ի այն առարկության, թե «պատմական գրվածքի (վեպի կամ դրամայի) մեջ ամենից առաջ և ամենից շատ պետք է լինի պատմական ճշմարտություն, կասեմ, որ այդ սխալ է․ որովհետև քերթողական արվեստի ամենատարրական օրենքն այն է, որ բանաստեղծը իր գրվածքների մեջ առաջին տեղը տա ոչ թե պատմական, այլ իդեական ճշմարտությանը և նրա կոչումը լինի ոչ թե հաստատել ճշմարտությունը, այլ ցույց տալ այն։

Եվ ահա հենց այս օրենքը անտես առնելն է եղել պատճառ, որ պ․ Լ. փոխանակ «Ռուզանը» իբրև դրամա, այսինքն՝ բանաստեղծական գրվածք քննելու, քննում է իբրև պատմություն: Այդ պատճառով էլ մի երկար քաղվածք է առաջ բերում Կիրակոս պատմագրից՝ ապացուցանելու համար, որ իմ պիեսի հերոսներից մինը— Հասան-Ջալալը հռչակված է եղել բարեպաշտությամբ և ոչ քաջությամբ. թե նա միայն աստվածասեր և քահանայասեր մի մարդ էր և ոչ պատերազմող. թե նրա կինը, մայրը բոլորն էլ կրոնամոլներ էին և թե, վերջապես, այդ ճգնավորների ընտանիքը կարող էր նյութ տալ մի հոգևոր ներբողի և ոչ թե այնպիսի գաղափարների, որոնք մտցրված են «Ռուզան» դրամայի մեջ և այլն, և այլն։