ոչինչ չէ մնում ասել, եթե ոչ հիշեցնել ընթերցողին Բյուֆոնի խսսքը' le style c'est l'homme — ոճը ինքը մարդն է։ Իսկ ընթերցողը դրանցից պիտի եզրակացնե այն` թե երբ մի գրագետ տեր է այսպիսի ոճի, այսինքն`խոսելու կամ գրելու ժամանակ կորցնում է գլուխը այնքան, որ «բաղար»֊ը շփոթում է «դպրության» հետ, այդ արդեն ապացույց է, որ նա զուրկ է բարեկրթությունից, բարեխղճությունից և գրական ասպարեզը մտնելու արժանավոր պատրաստությունից: Եվ որովհետև այդպիսի մարդու մտքի ու խղճի առաջնորդը միշտ կիրքն է լինում, հետևապես նրա պարսավն ու գովեստն էլ նույն արժեքը պիտի ունենան, ինչ որ ամեն մի խոսք, վկայություն, որոնք ծնունդ են լոկ կրքի: Այս տեսակետը` Լեոյի վերաբերմամբ` ավելի լավ են ճշտում հետևյալները։
Շարունակելով խոսել իմ մասին, նա ասում է.
«Զեոքի տակ չունենալով հեղինակի բոլոր գրվածքները, միայն կցկտուր տեղեկություններ կարող ենք հաղորդել նրա մասին»:
Այստեղ, իսկապես, պարոնը պետք է կանգ առներ։ Որովհետև երբ քննադատը առձեռն չունի հեղինակի գրվածքը, կամ զուրկ է այնպիսի հիշողությունից, որ կարողանա կարդացածը անսխալ մտաբերել, պետք է բարեխիղճ լինի և լռե նրա մասին։ Բայց չէ։ Լեոն որոշել է բոլոր վիպասանների մասին խոսել, բոլորին էլ գտնել, վար զարնել, և որովհետև դրանց թվումն է և Մուրացանը— ահա նա, թեպետ ձեռքի տակ չունի նրա գրվածքները, այսուամենայնիվ, սկսում է նրանց մասին խոսել, ապահով լինելով, որ թե չհաջողի պարսավել նրանց ճշմարտությունը գրելով, այդ կանե, գոնե, ստեր հերյուրելով։
Խոսելով «Հայ բողոքականի ընտանիքը» վերնագրով իմ անդրանիկ վեպի մասին, նա խեղաթյուրում ու այլանդակում է նրա բովանդակությունը, մեջ բերելով այնպիսի հետևություններ, որ մի ուրիշը չէր կարող հանել նրա ընթերցումից։ Եվ այդ անում է այն ապահով համոզմամբ, թե ընթերցողը չի պիտի համեմատե յուր գրածը բնագրի հետ։ Եթե այդպես չլիներ, կամ թե նա ընթերցողին ապուշի տեղ չդներ, ապա թույլ չէր տալ իրեն գրել այսպիսի բան.