Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարծիքները, որոնք իմ համոզմամբ պետք է անաչառ լինեին, ուստի և կարող էին որևէ ծառայություն անել ինձ` իմ գործը լավապես մշակելու համար։

Բայց ովքե՞ր և ի՞նչ խոսեցին Ռուզանի մասին։

— Ամենից առաջ մի դերասան (Արաքսյան)։ Ի՞նչ մեղքս թաքցնեմ, այսպիսի սյուրպրիզի չէի սպասում։ Սրանով, իհարկե, չեմ ուզում ասել, թե` դերասանը չէ կարող լավ քննադատ լինել` ինչո՞ւ չէ` Շեքսպիրն էլ դերասան էր և միևնույն ժամանակ աննկուն հանճար, աննման գեղարվեստագետ։ Բայց, եթե ընթերցողը գոհ չէ, կավելացնեմ և մի ուրիշ բացատրություն։ Դերասան Արաքսյանը հայտնել էր «Ռուզանիա մասին «Մշակի» անցյալ 1900 թ» № 245-ում մի քննադատական կարծիք, որ կարելի էր ամփոփել հետևյալ տողերի մեջ:

«Ռուզանը պիես չէ. նրա գործողները խրտվիլակներ են, հոգեբանական հիմքը կեղծ է, ամբողջ գրվածքը կրիտիկայի չէ դիմանում»։

Սրանից էլ լավ քննադատությո՞ւն։ Բայց ավելի հետաքրքրական է շարժառիթը, որ խոսեցնել է տվել Արաքսյանին, այդ այն է, որ պարոնը մասնակցելով անցյալ դեկտեմբերին Բաքվի բեմի վրա խաղացված Ռուզանի» մեջ, դերը չէ իմացել, բառերը աղճատել, խաղն այլանդակել է և հանդիսականների ու ռեցենզենտների ծաղրին առարկա դարձել: Ինչ պետք է անել, իհարկե վրեժն առնել «Ռուզանից»։ Որովհետև, եթե նա դրված չլիներ, ինքը չէր մասնակցիլ նրա խաղին` չմասնակցելով խաղին` չէր էլ խայտառակվիր: Ինչպես տեսնում եք, առարկությունն էլ է ճիշտ, եզրակացությունն էլ։ Ուրեմն` թողնենք դերասանին հանգիստ։

Պ. Գ. Սունդուկյանը յուր տեղական կյանքից վերցրած պիեսաներով այնքան է փչացրել մեր դերասանների ճաշակն ու լեզուն, որ նրանցից շատերը, որոնք սովորել են Սունդուկյանի Թիֆլիսի կոպիտ բարբառին և կինտոյական բացականչություններին, չեն կարողանում իմ քնքուշ, ազնվասեր լեզուն և հարուստ բառերով ու դարձվածներով պարբերությունները սերտել, և իրենք ի բնե տգետ մարդիկ, մայրենի լեզուն չսովորած` վրացերենով և Թիֆլիսի այլանդակ հայերենով