ձեռքով, որի աստղերն էին Ադամյան, Մնակյան, Հրաչյա, Գարագաշ են։ Պարզ է, որ այդպիսի խմբերի ձեռքով խաղացված պիեսի հաջողությունը կլիներ կատարյալ և ազդեցությունը մեծ։ Ւնձ այնպիսի ոգևորված ցույցեր արին, որ քիչ էր մնում հավատայի թե` իրավ, արժանի էի դրանց։ Եվ ճշմարիտն ասած, այդ մոլորության մեջ էլ մնացի օրերով։ Նույն դրության մեջ կլիներ և ամեն մի սկսող, որի գրչի առաջին փորձը նման հաջողության էր հանդիպում։ Բայց իմ անձը և գործերը խստիվ քննելու և նրանց իսկական արժեքը ճանաչելու բնավորությունը օտար չէր ինձ։ Այդ պատճառով էլ չնայելով, որ իմ գործը հանդիպել էր հաջողության և շատերը ժամանակակիցներից խնդրեցին, թախանձեցին, նույնիսկ տպագրության ծախքը առաջարկեցին, որպեսզի ես «Ռուզանը» լույս հանեմ առանձին գրքույկով, այնուամենայնիվ ես չհամոզվեցի, որովհետև իմ գործը բավական մշակված ու կատարյալ չէի համարում, ուստի թողեցի այն անտիպ։ Բացի այդ, որոշ ժամանակից հետո էլ, արգելեցի պիեսը խաղալ որևէ տեղ։
Անցան 18 երկար տարիներ, որոնց ընթացքում և ոչ մի օր ձեռս չէի առել «Ռուզանը», նախ` այն պատճառով, որ հայոց թատրոնը գրեթե մեռել էր, իսկ նրա թափառական բեմը չէր ոգևորում ինձ, երկրորդ ծառայությունից դուրս ունեցած սակավաթիվ ժամերս գործ էի դնում վիպական աշխատությանց վրա։
Բայց այդքան երկար ժամանակում շատ բան փոխվել էր, դյուրությամբ ոգևորվելու և միջակ կարողությունները փառաբանելու շրջանը տեղի էր տվել գործին քննատաբար նայող, հետախուզող և ըստ այնմ դատող շրջանին։ Եվ թեպետ այդ ժամանակի քննական կարողությունն էլ հաճախ ջլատում էր կուսակցական «իմ և քո»-ն, այսուամենայնիվ, սրա արտադրած բարին համեմատաբար ավելի էր քան յուր նախորդինը։ Եվ ահա այսպիսի մի ժամանակ «Ռուզանւ»-ի մեջ մի քանի փոփոխություններ մտցնելով, հրատարակեցի այն «Թատրոն» հանդեսի 1900 թ. № 1 տետրակում։
Ւնչ էր նպատակս, իհարկե ոչ այն, որ ընթերցողի ձեռքը տամ մի կատարյալ երկ, այլ միայն այն, որ լսեմ քննադատների