Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես կարտ լինեի խաղում և նրա փողը տանեի և նա զայրանար ինձ դեմ. կամ հենց դրա նման մի ուրիշ հիմարություն։ Վերջապես, ես էլ մի քիչ խելք ունիմ, ես էլ մտածում եմ։ Ասենք ես սխալվել եմ, և ցավում եմ իմ սխալի համար, և այդ էլ այն պատճառավ, որ իմ գրչից այնպես անտակտ բան է դուրս գալիս— թե չէ ինքնըստինքյան, ինչ մի մեծ և նշանավոր սխալ է արվել, որը այդքան սուգի մեջ դնի ձեզ, ձեր մորը և ձեր ամբողջ ընտանիքը։ Վերաջպես ով է ձեզ ճանաչում աշխարհում, ով է ձեզ վերա մտածում. մի քանի քունձռուտ թշնամիներ ունեք, որոնց Կարապետը, նույն Մովսիսյանցը մթավեյ հարոնին, դուք էլ կարծում եք, թե աշխարհը ձեր պատճառով վերջ է դառնալու, կամ կարծում եք, թե նրանք դրանից բան են հասկանում, քանի որ Աղայանցի նման ամեն բանի տեղյակ մարդ ոչինչ չէր հասկացել։ Ի՞նչ կնշանակե այդքան վրդովվել, այդքան ինքնիրեն մոռանալ—մի ամենաչնչին բանի համար, որը երեկ կար և այսօր մոռցության անդունդը պիտի գլորվի։ Արժե՞ այդպիսի դատարկ բաների համար օր ու կյանք սև անցնել մինչ այն աստիճան, որ մեկը, «մեկը շատ վատ դրության» մեջ ընկնի, իսկ մյուսը` մի ամբողջ շաբթվա մեջ մի քանի տող նամակ գրել չկարողանա։

Դուք Սամսոնի նամակին եք նայում, բայց չարաչար սխալվում եք. այդ տղայի մեջ սիրտ, զգացմունք, հոգի և քնքշություն մեռած ոչնչացած է. նա յուր «եսի» քո մի սարու մազի հետ չի փոխիլ ձեր ամբողջ տուն ու տեղը, ձեր ամբողջ ընտանիքը։ նա մտածում էր յուր վրեժը հանել ինձանից և այդ բանի համար, թե սաղ ձեր տունը ջնջվի էլ, թե ձեզանից մեկի ապագա կորստյան մեջ թաղվի էլ, դարձյալ մի անգամ ուհ չի անիլ։ եթե այդ ճիվաղը ձեզ սիրում լիներ, թե նա չկամենար, որ ձեր, առանց այն էլ, փշրված սիրտը փշրվի, նա այնպես նամակ չէր գրիլ ձեզ, որ այդ աստիճան վատացներ ձեզ, որ հոգեպես տանջեր, կեղեքեր ձեզ. նա, ընդհակառակը, թե լսեր, որ դուք այդ բանի համար վշտացած եք, նա պիտի ձեզ սիրտ տար, քաջալերեր, եղածը առ ոչինչ գրեր, իսկ թե մի հաշիվ ուներ առանձին և լուրջ կերպով ինձ հետ տեսներ այդ հաշիվը։