Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ա) Ես Սամսոնին գրած երեք նամակներումս էլ հայտնած եմ իմ կատարյալ զղջումս այդ անգիտակցաբար գործած սխալիս համար։ Այս հանգամանքը ուրեմն կիսով չափ պիտի նվազեցնե վատ ազդեցության ներգործությունը:

բ) Այդ հոդվածի ձեզ վերաբերյալ կետը այնքան աննշան բան է, որ ոչ ոք նրա վերա ուշադրություն չի կարող դարձնել, բացի այն անձինքներից, որոնց հայտնի է գործի էությունը և որոնց թիվը 5-ից 10 հազիվ կա։

գ) Այդ կետում ինքնըստինքյան մի պարզ խայտառակ բան չկա հիշված, որը այս և այն ընտանիքին հատկացնելուց հետ, ամոթ բերեր այդ ընտանիքին։

դ) Այնտեղ աշկարա գրված չեն Չերքեզյանց, Տեր-Հովհաննիսյանց և Թավրիզյանց անուններ, որ դուք դրանից քաշվեիք և ամոթ կրեիք. այլ ասված է «ընտանեկան». իսկ այդ բառը կարող էր վերաբերել և իմ մորը, և իմ քույրերին և իմ եղբորը, և կամ այլ ազգականներին, ուրեմն ինչ մի առողջամիտ ենթադրությամբ ձեզ եք վերաբերում և կարծում եք, որ ամբողջ տիեզերքն էլ գիտե, թե մի հետ ընկած անկյունում մի այսպես ողորմելի տղա, աղջիկ, մայր և մորեղբայր կա, և այս բանը նրանց է վերաբերում։

ե) Այդ հոդվածում խոսվում է Ս. Չ. և Տ. Հ. տառերի վերաբերությամբ. իսկ մեր ծանոթներից քանի մարդիկ են ճանաչում այդ տառերի որոնց պատկանիլը։

Եվ վերջապես Զ-րդ (եթե հենց բոլորն էլ գիտենան, որ այս տառերը մենք ենք և հոդվածի այս կետը մեզ է վերաբերում), ի՞նչ մի հայտնի խայտառակ բան կա գրված այնտեղ, որ նրանից մենք կարմրեինք.— արդյո՞ք ավելի խայտառակ է, քան այն թղթերն, որ ձեր դպրոցների պատերից էին կպցրել և օրինակներն ղրկել Թիֆլիսի հայ և ռուս խմբագրություններին. ավելի խայտառա՞կ է, քան այն բոլոր հաչոցները, որով մինչև այսօր կաղկանձում էին շուշեցիները… Վերջապես ես այստեղ կրկնում եմ այդ խոսքերը— «Ընտանեկան մի դեպքից, (որին ուրիշ ընթացք տալը յուր ուժից վեր է) այդ պարոնը ինձ դեմ զայրացած լինելով և այլն»: Ասացեք խնդրեմ, ախր ի՞նչ կա այս բառերի մեջ։ Այդ «ընտանեկան դեպքը» չէ՞ր կարող հենց մի ամենահիմար բան լինել. այսինքն,