Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդամենը մի քանի դատարկ կատակներով: Եվ առավոտյան ժամը 6½֊ին ես ուղղվեցա քաղաք, և այժմ ահա ժամը 8-ն է, ես կանտորում նստած գրում եմ այս նամակը: Առավոտյան վաղ ձիու վերան լինելով և այն էլ առանց վերարկուի, կարծում եմ մի փոքր մրսել եմ, որովհետև ճանապարհին մի փոքր անձրև էլ եկավ։ Երբ կատարելապես թրջվել էի, (որովհետև զոնդիկս չէր պահում), հիշեցի քո այն խոսքը, որ ասում էիր թե «Ես ուզում եմ տեսնել քեզ թրջված, ջուր կտրած, տղամարդու նման տուն հետ դարձած և այլն» և ասացի մտքումս, — «Այսուամենայնիվ դու չէիր կամենալ այժմ ինձ այս օրում տեսնել»։

Տիկին Նատալիան նեղացած է, որ դու նրան նամակ չես գրել, և կարծեմ մի փոքր իրավունք ունի։ Երեկ ձեր Խատիսովին տեսի շատ առավոտանց սավանը ձեռան տակը՝ գնում էր լողանալու. և ասաց, որ քեզանից նամակ են ստացել և այլն։

Դու գուցե լսած կլինես, որ Աբգար Հովհաննիսյանը մի նշանավոր աֆերիստություն էր ուզում անել,— նա հռչակել էր, որ 600,000 ռ. փող է հավաքում, որ Արծրունու գալերեան առնե և ընծայե ազգի կողմից Ներսես 6-րդին… Բայց այդ րոպեին լսածդ բոլորը փամփուշտ է եղել, որ Աբգարը արածացրել է Արծրունուն և այդ երկուսը լավ կռվել են իրար հետ. այնպես որ տուրուդմբոցն է պակասել։

Սպանդարը այսօր Ծղնեթում լինելու պատճառով, վաղը երեքշաբթի լրագրի համարը չի դուրս գալ։

Թանդոյանի դպրոցի կամ քո այս ու այն առաջարկությունների համար այժմ ոչինչ գրել չեմ կարող։ Ո՛չ Աղայանցը և ո՛չ եպիսկոպոսը այստեղ չեն. Աղայանցի գալուց ամեն բան կիմանամ և կգրեմ կամ կգամ ինքս կասեմ։ Տեսնեմ կարող եմ այս երկու օրս գնալ և Սագինյանցին տեսնել։

Անցյալ օրը երեկոյան պատահեցի տ. Խատիսյանին և Մաշոյին զբոսանքի ժամանակ. միասին գնացինք իրենց տուն. մի երկու ժամ խոսացինք։ Յուրաքանչյուր րոպես սպասում էի, թե դու պետք է դուրս գաս քո սենյակից, և ինչպես սիրելի էր ինձ այն դուռը, որ այնքան քաղցր և տխուր հիշատակներ էր հավաքում և պատկերացնում ինձ։ Մաշոն էլի թախանձանոք խնդրում էր ինձ, որ Ծղնեթում իրենց համար