Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինձ հարցնում ես, թե՝ «ի՞նչն է պատճառը, որ ինձ այսքան հալածում են քո մայրն ու ազգակիցները և այդ բանը քեզ զարմացնում է ու շվարեցնում է». Ես կասեմ. դա մի պարզ բան է. նրանք խո չեն կասկածում քո բարոյականի անբծության վերա. այլ մտածում են թե՝ եթե ես քեզ հետ կապվեմ, ստիպված պիտի լինեմ իմ ամբողջ գոյությունս ձեր գերդաստանին նվիրել։ Ահա ամբողջ գաղտնիքը այն հալածանքների, որ լարված է քո դեմ, իմ թանկագին Ոսկի. և այն բանը դեռ ավելի վաղ քո խեղճ մայրդ էր ինձ գրել։

Բայց արդյոք հնար չկա, որ մի կերպ հեռանաք այդ քանդվածից. գնաք մի գեղ, մի անապատ, որ մի փոքր հանգիստ ժամանակ անցկացնեք մինչև այստեղ գալերնիդ։ Ճշմարիտ ես էլ մնացել եմ տարակուսած. ուղեղս չի բանում, չգիտեմ ինչ գրեմ, չգիտեմ ինչ խորհուրդ տամ։

Աշխատում եմ, որ ամսույս 17-ի երեկոյան էքստրեննի պոեզդով անպատճառ գամ. թեկուզ ինձ գրել ես դու, որ չգամ. բայց անհնարին բան է. պետք է, վերջապես այս բանին մի վերջ դրվի, պետք է վերջապես ես գիտենամ թե, որ աստիճան են խաբում ինձ իմայինները, պետք է որ միանգամ լռեն նրանք… միամիտ եղիր գալուց, անտակտ բան չեմ բռնիլ, որ «ավելի վատ լինի».—

Հետո այն ինչ խոսք է, որ գրում ես, թե «Ես առանց մի պատճառի ճիշտ խեղճ օր. Մարկոսյանի օրինակն եմ դառնալու»։ Ախր այդպես բան կգրե՞ն… բաս դու իսկի ինձ վերա չե՞ս մտածում. դու չգիտե՞ս, որ ես միայնակ եմ… որ ես կմեռնեմ… Ախ թե գիտենաս թե որքան լաց եմ եղել այսօր, որքան կոծել եմ ինձ… Երեկ երբ նամակդ կանտորում ստացա, վերի վերո կարդացի և ոչինչ այնքան ծանրություն չզգացի, բայց այսօր առավոտ—երբ կիրակի է և ամեն ոք զվարճության ետևից է— ես նստած լաց եմ լինում… ես ում մոտ դիմեմ. ում մոտ իմ սրտի համար թեթևություն գտնեմ… Կհավատաս թե ասեմ… Այդ հարվածը բավական չէ, դեռ ավելացնում ես, որ հիվանդ ես, որ թե քեզ տեսնեմ կսարսափեմ… ինչու դրանով ես բավականանում. հազր գրիր թե «Գրիգոր, գնա և ընկիր ջուրը, էլ այսուհետև քո ապրելը ավելորդ է…»: