Էջ:Muratsan, vol. 7.djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծածկել եմ քեզանից, այդ իմ ծայրահեղ ազատամտությունն է, և ես զգուշացել եմ քեզ ծանոթացնել նրա հետ, որ չսարսափես… Խեղճ երեխա, դու կարծում ես, որ իմ այդ «թախանձանքները» այդ «մատանու» և այլ խնդիրները նախապաշարյալ ուղեղի արտահայտություններ են. և դու մի՞թե այդքան քիչ ես ճանաչում ինձ. չէ, սիրելիս, ես ազատամիտ եմ, բայց ֆանֆարոն չեմ. մի կին սիրելու հետ միասին, պիտի մարդ գիտենա և մի ծնող սիրել, և այն ոչ թե յուր հասկացողության համաձայն, այլ յուր տգետ ծնողի, տգետ քրոջ և տգետ եղբոր ցանկության՝ և հասկացողության չափով։ Ամեն մի երջանկություն կատարելագործվում է ամբողջի միությամբ. միությունը երբեք ամբողջություն չէ։ Ինչ, մի՞թե կարծում ես, թե իմ առաջին մի ձայն հանող կլինի, թե ես ինչ ձևով կամենամ, այնպես հարդարեմ իմ նիստ ու կացը, իմ ներկան և ապագան. ոչ, բայց մի ծնող, որ ծնել է մեզ, մի քույր և եղբայր, որ ուրախացել են մեզմով, իբր իրենց սեփականությունը, իրավունք ունին սպասել, որ մենք չխոցոտենք նրանց սրտի ամենագողտրիկ զգացմունքները։ Մեծ բան չէ մի ամբողջ ազգականության երեսի վերա թքելը․ բայց արդարև մեծ բան է նրանց բոլորի սիրտը շահելը․ (այս բոլորը գրելով իհարկե ես աչքի առաջ ունեմ և ձերոնց)։

Վերջապես, սիրելիս, այս բոլոր գրածները դու ընդունիր իբրև լոկ խոսակցություն, նրանց մեջ և ոչ մի բան և ոչ մի խոսք թող չանհանգստացնե քեզ։ Ես դառնացած սրտով չեմ խոսում քեզ հետ, այլ ամենահանգիստ տրամադրության մեջ։ Այնպես ընդունիր, թե մենք վիճաբանում ենք. իսկ վիճաբանության ժամանակ միայն հիմարներն են վրդովվում։ Ամեն բանի վերաբերությամբ գործիր ինչպես հարմար և բարվոք ես համարում. իմ սիրտն էլ, կամքն էլ քո ձեռքումդ են, արա նրանց հետ ինչ ուզում ես։ Դու դեռ սկզբից պետք է ընդունեիր, որ այս գրածներս ոչ թե պահանջ, այլ լոկ խորհուրդներ են մեր ապագայի մասին։ Այս դեպքում ում խելքը լավ է գործում թող նրան լսենք։ Թե հավստացած ես, որ քո խելքն է լավ գործում, ուրեմն նրան կհետևինք, էլ քավ լինեն մի ամենափոքր ընդդիմություն։

Ինձ դրում ես, թե ուրախ նամակ գրիր. բայց մի՞թե իմ