Էջ:Muratsan, vol. 7.djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կորստյան» մասին ես խոսում և «ավելորդ» ես համարում քո ապրիլը...

Ոչ, ես քեզ թույլ չեմ տալ երկրորդ անգամ այդ ցնորքների մեջ մտնելու, ես քեզ կպատժեմ, և գիտես թե ինչպես կպատժեմ... Ես քեզ շատ, շատ, պինդ կհամբուրեմ․․․ Բայց ափսոս, որ դու ինձ չես օգնում քեզ պատժելու, ապա թե ոչ, այստեսակ հուսահատական նամակներ դու չէիր գրիլ ինձ։ Բայց քանի որ դու ուզում ես քեզ համար նորանոր ցավեր ստեղծել— նրանցով զվարճանալու համար, իհարկե ես չպետք է արգելեմ քեզ այդ անմեղ, դառն և քաղցր զվարճությունները... Բայց ես չհասկացա, թե ինչ բանի մասին էիր հիշում, որը, իբր թե, ես քեզ ասել եմ մեդալիոնի համար խոսելու ժամանակ, ճշմարիտ, այդ բանը ես լավ եմ հիշում, դու ինձ բացատրիր, երբ ձեր տուն կգամ։ Մորդ և մյուսների մոտ, մի պահանջիր, որ ես անուշ խոսքեր խոսիմ. ես չեմ կարողանում կից կտուր բառեր արտասանել, անուշ և գողտրիկ խոսակցությանց և գգվանաց համար ամենից առաջ դու պետք է ինձ հարմար տեղ և ժամանակ տաս. և ես սպասում եմ. դու կարող ես միջոցներ հնարել մեր միայնակ տեսակցությանց համար, ուրեմն մի ուշացներ, մանավանդ, որ ես քեզ հետ շատ բաներ ունիմ առանձին խոսալու։ Այս քանի օր դարձավ, որ դու այստեղ ես և մենք դեռ միմյանց երես չտեսինք բառի բուն նշանակությամբ։ Չգիտեմ ինչպես կլինի մեր բանը, ես հետզհետե սկսում եմ հուսահատվիլ, վախենում եմ, որ այս դրությունը երկար շարունակվի, դու մտածիր օգնլ ինձ, աղաչում եմ։

Երեկ երեկոյան, երբ ինձ հարցրիր, թե ինչու չես իմ նամակին պատասխանում, ես իսկույն հասկացա, որ այդ «պատասխանի ուշացնելն» էլ քեզ առանձին հոգս պետք է պատճառած լիներ. բայց հավատացիր հոգյակս, որ բնավ ժամանակ չունեցա. երեկ ձեր տանից վերադառնալուց հետո հազիվ կարողացա ավարտել այն նամակը, որ անցյալ օրն էի սկսել։ Բայց ամենից առաջ խնդրում և աղաչում եմ քեզ Ոսկի, որ շատ ուրախ լինես, բնավ այդպես մտածմունքներով քեզ չվրդովես, չնեղացնես։ Գիտես, երբ երեկ երեկոյան ճանապարհին ասացիր, թե կողքս ցավում է, ես այնքան