Այս րոպեին ներս մտավ մեր պատրոնը և էլ նամակս չեմ կարող շարունակել մինչև ժամ 8-ը. գործ պետք է շինեմ... մի համբույր` և ցտեսություն։
Նամակիս պարապ տեղերի համար պատճառին անիծիր: Գուրգենիկիս համբույր: Բոլորին ողջույն:
Եկա տուն, հոգիս. կաթը տաքացրած առաջիս է. մինչև նրան սառչիլն և մինչև պոեզդի ժամանակն հասնիլն թող էլի մի երկու տող գրեմ, գիտեմ մի քանի տող ավելին` քեզ ավելի կուրախացնե։
Գեղեցիկ լուսին է. տան մեջ խավար և կատարյալ միայնություն. մի քանի րոպե առաջ ես դիտում էի Քռի արծաթափայլ ալիքները և հոգվով թռչում քեզ մոտ։ Ես հիշում էի այն բոլոր ժամերը, երբ մենք միասին, այս պատուհանների առաջ կանգնած, զրույց էինք անում և կամ ղրկած իր չարություններ գործում... Հիշում եմ, երբ նշանված ժամանակ այս լուսնի առաջ գաղտագողի համբույրներ էինք տալի, միմյանց և զմայլմունքի ու սիրո հափշտակության մեջ երջանկության ճշմարիտ քաղցրությունը վայելում... Այժմ դու ինձ մոտ չես. սիրտս քեզ շատ է ուզում, նա ուզում է դուրս թռչել յուր նեղ պահարանից, ուզում է դուրս թռչել բառի բուն նշանակությամբ: Ախ, իսկի, ես քեզ մատաղ, միթե կգտնվի մեկը, որ կարդա այս տողերը և հավատա ինձ, թե միայն այդ մեկը դու չլինես, որ ինձ կատարելապես կարող ես հասկանալ և զգալ։ ...Տխուր է, շատ տխուր, ես իսկույն կտանեմ այս նամակը երկաթուղին, հետո շուտ կվերադառնամ Մուշտայիդ
նրա խորհրդավոր ու սիրային հափշտակության, համար ստեղծված պուրակներում կզբոսնեմ, կնայիմ լուսանի վերա, կդիտեմ ծառերի միջով ներս հոսող նրա դողդոջուն շառավիղները, կլսեմ քաղցր ու մեղմիկ սուլոց ու թռչոց հովիկներին և, երբ կատարելապես կհոգիանամ, այն ժամանակ կսկսեմ մտածել քեզ վերա, զառանցել քո մասին, սիրել քեզ, երգել քեզ... երբ լուսինը կսկսի հակվել դեպի Վերայի տարևանտը, ես կբարձրանամ այն տերրասի վերա, ուր մենք