Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերջին անգամ ընթրեցինք, կդիտեմ նրա բոլոր տեսարաները, հետո գաղտնի և հովանավոր սանդուղքով կիջնեմ քո սիրելի պարտեզը... այնտեղ այժմ էլ վարդեր չկան, բայց ես կհամբուրեմ այն վարդենիները, որոնցից դու վերջին անգամ ինձ համար վարդեր քաղեցիր և նրանցով իմ կուրծքը զարդարեցիր... Օհ, Ոսկի՜, միայն քո անունը արտասանելով սիրտս լեցվում է մի աստվածային, մի գերբնական քաղցր զգացմունքով, տոգորված սիրո և հիացման հետ, մի զգացմունք, որին որոշ անուն տալ չեմ կարող, բայց որը` գուցե, երջանկությունը ինքն է... Մնաս բարով իմ անգին Ոսկի, իմ քաղցը հրեշտակ, ես կերթամ քո և իմ սիրո անդրանիկ գրկախառնման վեհավայրը,..

Գրիգորդ

Բայց դեռ որքան խոսքեր ու մտքեր ճնշվեցան սրտիս խորքերում. ախ, ճշմարիտ որ աշխարհը փոքր է սիրո համար։ Ինչու նրան պիտի սահմանափակեն ժամանակն ու հանգամանքները։

Թիֆլիս, 4 հուլիսի, 1886

Իմ անուշիկ և աննման Ոսկի.

Ամսույս 2-ին էլ քեզ նամակ ունիմ գրած, որը գուցե ժամանակին հասած չլինի երկաթուղո ճանապարհի փչանալու պատճառավ, բայց անշուշտ այս նամակի հետ միասին կհասնե քեզ։ Նոր և անհրաժեշտ նորություն չունեմ քեզ հաղորդելու. մանավանդ, որ այս փոշտն էլ ես քեզանից նամակ չստացա։ Եթե հանգիստ գրելու ժամանակ չես ունեցել ու չես գրել, լավ ես արել. բայց եթե հանգստություն ունեցել ես և ծուլություն ես արել, ուրեմն հանցանք ես գործիլ։ Եթե իմ նամակս մի փոշտ ուշանա, դու չպետք է վշտանաս, որովհետև քո չորս կողմ զբաղեցնող կյանք է պտտում, իսկ ես կատարյալ միայնակ եմ և կարիք ունեմ գոնե քո անընդհատ նամակագրության։ Մյուս կողմից էլ, ինչպես գիտես, գործերս շատ. եղանակը շոգ, անակնկալ և միջանկյալ զբաղմունքներ,