հասնին, թե սերը գոյություն չունի աշխարհում, նրա հետ էլ պետք է ուրանան աստծո գոյությունը։
Բայց դու, հոգիս, ինչու շատ ես խոստւմ քո նախանձից, ճշմարիտ, մի՞թե դու միայն քեզ ես կարծում երջանկության սիրահար. հապա ես. ես, որ զգում եմ թե որքան մեծ փառք է մի սրտի համար` տեսնել իրեն սուրբ և անարատ և միայն մեկ աստծույն երկրպագու. ես ուրեմն չեմ ցանկանալ մասնակցել այդ երջանկությանը, որ ամենից ազնվագույնը և սրբազանն է.
Ժամացույցիս նայեցի, 11-ի կեսն է, էլ թողում եմ գրել պետք է շտապեք վագզալ. մնացածը մյուս անգամ, շատ վշտացա, որ հոգիս կիսատ մնաց, բայց ինչ արած կանտորից ժամը իննին էի եկել։
Համբույրս քեզ և հոգվո գրկախառնություն։
Հազար ներողություն և հազար ափսոս։
Իմ անգին և անզուգական Ոսկի․
Անցավ շաբաթը, կիրակին և երկուշաբթին, ուղիղ երեք երկար օրեր, և մենք դեռ չտեսնվեցանք միմյանց հետ։ Ինչպես ես, սիրելիս, առողջ ես, ուրախ, հանգիստ... Ասա ինձ, ես կամենում եմ, որ դու ամեն ժամ ուրախ լինիս։ Երբ մտածում եմ, որ քեզ չեն նեղացնում ո՛չ մղծկութ օդը, ոչ փոշին և ո՛չ քաղաքի խեղդող շոգը, երբ մտածում եմ, որ ամեն առավոտ, երբ դուրս ես գալիս մեր պատշգամը, հյուսիսային հովը գուրգուրում է քո սիրակարոտ երեսը, և դու առանց մի ժամ շոգելու` վայելում ես հայրենիքի հովաշունչ ամառը, այն ժամանակ ես էլ քեզ հետ միասին զով և հեշտություն եմ զգում իմ մեջ և Թիֆլիսի այրող ջերմությունը անզգալի է դառնում ինձ համար։ Երջանիկ եղիր դու. Ոսկի, և ես ինձ երջանիկ կզգամ նույնիսկ դժոխքի մեջ, Ախ, ինչպես