Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ժպտաց գեղանի. և լուսին լուսով
Լուսավորված դեմքն ու շրթանց կամար
Ծածկվեցան վարդի շուշան շողերով.
Խոսել ըսկսավ ինձ հետ հեզաբար.

—«Չեմ ես հրեշտակ և ոչ էլ ոգի,
Այլ մի մահացու, մի սին ուխտավոր,
Որ ակամայից հանցանք գործեցի՝
Գերելով սիրտը սրբասուն մի հոր։
Տեսա ես այսօր թե ինչպես հեգիս
Հայացքը հոգիդ խռովեց հանկարծ,
Թե ինչպես հուզված թողեցիր պաշտոնդ
Ելար տաճարից, հեռացար անդարձ։
Սիրտս շարժվեցավ, գթացի ես քեզ,
Զի հուզմանդ պատճառ չէր ինձնից անհայտ,
Բոլոր օրը քեզ պտրեցի վանքում,
Ցանկացա քավել հանցանքս անպարտ.
Բայց իմ աշխատանքն անցավ ապարդյուն,
Չհանդիպեցի ես քեզ ոչ մի տեղ,
Ուստի երբ, ահա, գիշերը հասավ,
Եկա քո դարձին ըսպասել այստեղ։
Ների՛ր, այժմ ինձ, ով հայր սրբասուն,
Ների՛ր, որ սրտումդ հուզեցի հրապույր,
Եկ և ի նշան ներմանդ անկեղծ,
Տուր իմ ճակատին սուրբ սիրո համբույր…»։
Ասաց և ժայռից իջավ գեղանին,
Պարզեց դեպ ինձ յուր շուշան բազուկներ.
Այլևս ոգի չէր նա այդ ժամին՝
Այլ դյուցազնուհի սիրույն անվեհեր…։

Մոտեցա իսկույն և բազկատարած
Սիրաշունչ գիրկս բացի գեղանուն,
Սեղմեցի նըրան թռթռուն սրտիս,
կամեցա համբույր տալ վառ շուրթերուն։
Հանկարծ ղողանջեց վանքի զանգակը,
Սարսուռը պատեց մարմինս ու հոգիս,