Բյուրյույն սիրեցյալ
Իմ անզուգական Ոսկի.
Ամսույս 18-ին գրածս նամակներից հետո, 19-ին ստացա քո ամսույս 14-ին գրած սիրելի նամակը, որի կոնվերտի վերա Շուշուց փոստատան կնիքը 17-են էր դրոշմած։ Չիմացա դու հենց 17-ին ես փոստ գցել, թե 14-ին, բայց փոստի ժամանակը անցած լինելով պահել են 17-ին։ Վերջապես, քո նամակը 17-ին ստանալու փոխարեն 19-ին ստացա, որ և պատճառ դարձավ իմ բյուլետեններ գրելուս…։ Այսպես, թե այնպես, շտապում եմ պատասխանել այդ նամակիդ մի առ մի, առանց փիլիսոփայությունների, թողնելով դրանց առաջիկա փոստաներին։
Քո գրելու ձևից երևում է, որ իմ 9-ի նամակից վշտացել ես, այդ ապացույց է, սիրելիս, որ դու իմ գրածը չես հասկացել։ Ես էլ նկատեցի, որ այն չդուրս եկավ, ինչ որ ուզում էի գրել, բայց մեկ էլ ժամանակ չկար նամակը փոխելու, մյուս կողմից էլ՝ վստահ էի քո ուշիմության վերա։ Բայց երևում է, որ սխալվել եմ իմ հաշվում։ Լավ, միտս կպահեմ, որ քեզ հետ տեսնվելուց՝ քեզ հիշեցնեմ, որ դու էլ կռվես ինձ հետ: — Մի օրվա մեջ նամակս ուշ ստանալուդ համար իզուր ես համբերությունդ կորցնում և զգալի անում ուրիշներին քո անհանգստությունը, մի քիչ խոհեմ եղիր, հոգիս, հարկավոր չէ, որ բոլորն էլ կարդան քո հաշիվները քո ճակատի վերա և մի՞թե կարծում ես, որ քո անհանգստությունը կշարժե ուրիշների կարեկցությունը։ Բնավ. ուրեմն քեզ շրջապատողների առաջ միշտ ծածկիր քո զգացմունքները, որովհետև այդ երանելի դրությունը (սպասել սիրելվո նամակին) մինչև անգամ կտխրեցնե ուրիշներին, ինչպես երեխաների զվարճությունները՝ ամուլ կանանց…։— Իմ գնալու համար ես հարցնում. այժմյանից մի որոշ բան ասել չեմ կարող, կցանկանայի գոնե օգոստոսի 15-ին գալ մի 15 օրով, բայց չգիտեմ կհաջողվի, թե ոչ, որովհետև մեր գործերը գնալով բարդվում են, հետևապես և իմ աշխատությունները, ուրեմն դու ինձ մի