Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էիր 20֊ի նամակումդ, բայց չստացա և չանհանգստացա էլ, որովհետև, դու այնպես էիր պատվիրել։ Իմ 21֊ի նամակս անշուշտ ստացած կլինես։ Այդ նամակում գրած Էի, թե «այսօր կերթամ «Мать и дитя» գիրքը կառնեմ կուղարկեմ»։ Բայց այն օրը մեռելոց էր և կենտրոնականը փակ. ես մոռացել էի։ Չորեքշաբթի երկաթուղին տարա, բայց չվերցրին՝ ասելով, որ պասիլկայով կընդունեն, բայց ոչ բանտերոլով։ Վերջապես այսօր ուղարկեցի բանտերոլով։ Առաջ առանց կազմ էի վերցրել, հետո որ բանը պասիլկի դարձավ՝ փոխեցի։ Շատ թղթերում փաթաթել եմ, հույս ունիմ, որ չփչանա կազմը, այն «Մայր ու մանկիկ»֊ը, որ ունես գործած և խոհանոցի գրքումն ես դրել, դրա մեջ կարող ես դնել։ Այդ գիրքը գնելիս Սպանդարը տեսավ և ասաց իմ կողմից գրիր երկու բան. ա) թե արդյոք չէիր կարող մի ամիս սպասել և գալ այստեղ կարդալ և բ) թե որքան կարողանաք քիչ գիրք կարդացեք երեխաներ դաստիարակելու կամ սնուցանելու համար և դա քեզ ավելի օգուտ կբերի»։ Ասաց գրեցի. բայց ես այդ երկու հարցին էլ ընդդեմ եմ. ա) որ այդ գիրքը կարող է Կատինկին էլ պետք գալ և բ) մի լավ բան ավելի գիտենալը միշտ օգուտ կարող է բերել և ոչ վնաս։ Քո կարծիքն էլ հուսամ իմինիս նման է։

Գուրգենիկիս համար գրածներդ ինձ հիացնում է։ Այո, սիրտս շատ է ուզում, բայց չարժե այդտեղ հանել լուսանկարը, առաջինը վատ կհանեն և երկրորդը ընդամենը մի ամիս է մնում ձեր գալուն. ավելորդ ծախք կլինի. հազիր այստեղ կհանենք վեց ամսական դարձած օրը։ Ուրախ եմ նույնպես, որ քեզ համար շատ լավ ես գրում «այնքան լավ, որ երևակայել չեմ կարող». բայց, որ գրում ես, թե «մի ժամ քեզ համար մտածելս հալեցնում է բոլոր վաստակածս», դրա համար շնորհակալ չեմ քեզանից։ Ինչ ես մտածում ինձ համար, հոգիս, ես էլ լավ եմ և շատ լավ ու հանգիստ էլ ժամանակ եմ անցուցանում. թե դու լղար վերադարձար Թիֆլիս ես քեզ ետ եմ դարձնելու, դու գիտես։ Ձվաների դարդը էլ մի քաշիր, 25 հատ ունեի, ուղարկեցի Սպանդարին, որ ամեն օր երկու հատ նախաճաշ անի։ Խեղճը շատ կոտրված է, նամանավանդ, որ գործի դրությունն էլ կրիտիքական է։ Ոտքն էլ ռեմատիզմ՝