ամբողջ 10 օրեր պառակած , թեպետ անկողնում, էլի աշխատում էր։ Կնոջ կողմից արդեն բացվել ենք, շատ բաներ ենք խոսացել, շատ դարդեր ունի... Կգաս կպատմեմ: Տորոնի գործը սկսում է լավանալ, թե մի դրական հիմք, ստանան, տարածված (բայց արդեն ճշմարիտ) լուրերն, Սպանդարի դրությունը կապահովվի և կարճ միջոց 100,000-ին կտիրանա. գուցե իմ բանս էլ մի ճանապարհով հաջողվի. տեսնենք։ Արդեն այս լուրերի վերա նրա մոր ու եղբորը փ... մուկ է ընկել, բայց բոլոր տորոններն ու դափիրը Սպանդարի անվամբ է, ոչինչ անել չեն կարող տեսնենք աստված ինչպես է հաջողում: «Նոր Դարի» համար պատահած տեղը պրոպագանդա արա. առաջիկա տարին պետք է որ դրությունը գերազանց լինի գոյություն ունեցող թերթերից: «Մեղուն» դադարում է, «Արձագանքը» հոգեվարք է, «Մշակը» միայն այս տարի է լավ ապրում. եկող տարին հազիվ կարողնա շունչ քաշել: Ես գիտես որ թշնամի չեմ թերթի գոյության, բայց անպետք ու վնասակար թերթը լավ է, որ գոյություն չունենա: Տեսնում ես, լրագրից բանից էլ ենք խոսում, բաս որտեղ մնաց սերը... Հա սպասում ես հա, չէ, սիրելիս այս անգամ տրամադիր չեմ սիրահարական նամակ գրելու: Քո 20-ի նամակը սիրազեղուն է, որ ես այսուհետև որքան գրեմ նրա մոտ մին ղոջ. ճիշտ որ հոգուցդ էր բխած... երևի շատ ես ոգևորված եղել: Մի բառ գրեցի, մեկ էլ ջնջեցի. հիմա քեզանից վախենում եմ, կատակ էլ չեմ կարողանում գրել. 9-ի նամակս մատիդ փաթաթան ես շինել, չգիտեմ նրանում ինչ կա, որ այդքան հիշում ես նրան. հետդ բեր, որ մի թազադան կարդամ:
Գիտես, ես այժմ շատ լավ տրամադրության մեջ եմ, այսօր երկաթուղում ապրանք էի ճանապարհում, Սեմեյնի սադում մի ճաշ կերա, փառավոր ճաշ, և մի կես բոթիլ գինի խմեցի, կատարյալ հարբած եմ, այդ պատճառով սերից բանից չեմ խոսում, որ չծիծաղես իմ ծուռումուռ տեսությունների վերա, չնայելով, որ այժմ, ավելի քան երբեք, սիրահարված եմ քեզ վերա: Զարմացա, որ այնքան ախորժակ ունեի, որ բոլորը կերա ու խմեցի: Բոլոր շիշը քո ու Նիկոլայի կենացն եմ խմել. այս ինչ նամակ դուրս եկավ... վնաս չունի