Էջ:Muratsan, vol. 7.djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բոլորիդ. հուսամ ստացած կլինեք. դժբախտացար այն օրն էլ նամակը երեկոյան ժամ 6-ին ստացա և հեռագիրն էլ երևի գիշերով կլինեին հանձնած։ Ափսոս, որ Ավագի տեղը չգիտեի, որ նրան էլ շնորհավորեի։ Ձեր հեռագիրը, իհարկե, նրան գնացած կլինի ժամանակին։ Զարմանում եմ, թե գիրքը ինչու այդքան ուշ ես ստացել. երևի Նիկոլայը զբաղված է շատ՝ ամօղլիների հյուրասիրություններովը։ Մելիք֊Շահնազարյանցի վարմուքը ինձ համար անհասկանալի է, արդյոք էլի եկավ թե ոչ։ նա շատ ամաչկոտ տղա է. երևի քեզ պենուարով տեսել ու փախել է։ Քո պատասխանը հաղորդեցի Սպանդարին. նա նկատեց.— «Ասացեք Ոսկուն, որ ես ասել եմ այն խոսքերը նրա համար, որ ի նկատի ունենա իմ խորհուրդը և ոչ թե պատասխանի»։ Երեկ երեկոյան ինձ մոտ էր, մինչև ժամ 1-ը գիշերվա խոսում էինք և շատ հետաքրքիր բաներ էինք խոսում. խոսակցության գլխավոր նյութը վերաբերում էր նրան, թե «սիրո մեջ նախանձը գովելի է և սիրո ջերմության աստիճանն է ցույց տալիս, թե դա մի գազանային ձիրք է և նույնիսկ սիրո գոյության թշնամին…»։ Սպանդարը առաջին կետն էր պաշտպանում, իսկ ես՝ երկրորդը։ Նա յուր փորձերից և նշանավոր մարդկանց սիրո արկածներից էր օրինակ բերում, իսկ ես՝ իմ սրտից. երկու կողմն էլ անպարտելի մնացինք և վերջ ի վերջո վճռվեցավ, որ ես ուրեմն մի մարմնացյալ բացասություն եմ… Բայց դու, իմ չարաճճի, դու չափազանց նախանձոտ ես. այդ բանում միայն մենք իրար նման չենք… Բայց այդ աննմանողությունն էլ մի մեծ առավելություն է մեր սիրո համար, որովհետև հրաշալի է, երբ կինը նախանձում է յուր ամուսնուն, իսկ վերջինս անկասկած վստահությամբ հավատում և պաշտում է նրան։ Այո, ես ուզում եմ, որ դու միշտ նախանձես, իսկ ես կարոտեմ պաշտեմ քեզ… Բայց չեմ սիրում, որ դու քաջությամբ չես նախանձում։ Այ օրինակ, եթե դու մի կասկածելի ընթացք նշմարես իմ մեջ, դու ոչ թե երկաթի ձեռքերով կբռնես ինձ և չարաչար կծեծես, այլ մի նվաղած ձայնով «ուրեմն այդպես…» կասես և արտասվելով կհեռանաս մի մութ խորշի մեջ հյուծվելու։ Թեպետ դեռ օրինակը պատահած չէ, բայց ես երևակայում եմ, դու ուրիշ կերպ գործել