Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հույս ունեմ, թե միայն համբերությունը չսպառվի։ Դե էլ ինչ գրեմ է, ե՛կ, ե՛կ, ե՛կ, ահա բոլորը։ Այս գիշեր մի երևելի ընկեր ունեի մեր տանը, վախենում եմ ասեմ դուք ինձ տեղ վախենաք, բայց կգաք հետո կասեմ, գող չկարծեք, չէ. մի բոլորովին անվնաս ընկեր, որ այսօր առավոտ հավիտյան բաժանվեց ինձանից։ Շատ գոհ մնացի այդ մարդու ընկերակցությունից, բոլորովին չխանգարեց ինձ. երբեք այնպես հանգիստ չէի քնել, ինչպես այս գիշեր։ Իմացար հա… դե ինչ անենք։ Բայց ես չեմ ասիլ, թե նա ով էր։ Մի անմեղ, մի անդրաշխարհային մարդ—ահա բոլորը։

Համբույր Գուրգենիս. համբույր քեզ.
Համբույր Ոսկվույս, համբույր աստծույս.


Դու արդեն սիրահարված ես հա… ես այդ վաղուց գիտեմ. բայց ես քեզ ներում եմ. աշխատիր գալու ժամանակ մոռանաս ամեն բան. բայց երբեք չմոռանաս Անդրանիկ համբույրը, որի մասին գրել եմ քեզ…

Գրիգոր ստրուկդ
20 օգոստոսի, 86.

Սիրեցյալդ իմ Ոսկի.

Երկու շաբաթ չարաչար սպասելուց հետ ստացա 17-ին գրած երկտողդ, ինչպես մի աղքատ, որ սովամահ հարստի դուռն է հասնում հագենալու հուսով և նրան վերևից մի կատվի պաշար են շպրտում… Այնպես նամակներ ես գրում ինձ, որ կարծես թե ես երկու օր է ինչ որ հեռի եմ գտնվում քեզանից և կամ թե քառասուն տարի է, ինչ պսակվել եմ քէզ հետ։ Ինչ ասեմ. շատ բան եմ ուզում գրել, բայց դողում եմ, թե չլինի մի վայրկյան անգամ տխրես դու. ես կհամբերեմ. երբ կգաս, այն ժամ մեղադրական թերթը կկարդամ քո առաջիդ և կաքսորեմ քեզ… Բայց ուր կարող եմ ղրկել քեզ. իմ անուշիկ Ոսկիս, թե ոչ— իմ գիրկը, որ լի է սիրով, քնքշությամբ և գողտր զգացումներով-քեզ համար։ Իհարկե մի վայրկյան