անգամ չես կարող երևակայել այն անձուձը, որ պատած է լինում իմ սիրտը` փոստի օրին սպասելու ժամանակ, ապա թե ոչ դու այդքան անհոգ ու սառնասիրտ չէիր լինիլ դեպի ինձ։ Մի գուցե աչքիցդ հեռի եմ, մտքեդ էլ հեռանում եմ… շատ բնական է. չէ որ աչքերն է զգացմունքները գրգռում… Բայց այս ասելով, չեմ ասում, թե դու ինձ չես սիրում. իհարկե, դա սխալ կլիներ այլ այնպես. մի փոքր մոռացման տված… Չէ որ այդ շուտ է պատահում. օրինակի համար. մայրը որդուն շատ սիրում է, բայց և այնպես բոլոր օրը նրա վերա չէ մտածում. թե նա օտար քաղաքումն է, նույնպես էլ քեզ կարող է պատահել, այնպես չէ՞… Գոնե այս տեսակ լղար նամակները մեծ թերթի վերա էլ մի գրիր, որ փոստում ստացած ժամանակ` սիրտս վեր չթռչի, և կարծեմ մեծ բովանդակություն ունի, իսկ բանալուց հետ չարաչար կոտրվեմ։ Բայց ոչինչ, այս էլ բավական է. էլի շնորհակալ եմ քեզանից, որ գոնե գրում ես մի երկու տող և միամտացնում ինձ. քանի որ այս էլ չգրես ինչ կարող եմ անել։ Ձեր բոլորի գաւուստն էլ սեպտեմբեր 5-ին եք ասում, շատ լավ. կսպասեմ սեպտեմբեր 5-ին. իսկ թե ուզում եք հոկտեմբեր 5֊ին գալ, էլի ոչինչ չեմ ասիլ. դու գիտես, որ ես մի խեղճ մարդ եմ և ցանկություններ բռնաբարել չգիտեմ…։
Երկու հանձնարարություն ունիմ, շատ խնդրում եմ, որ կատարես, թե կարելի է, թե չես նեղանալ։
Առաջինը, որ ձեր Պապունց Բաղդանեցը, կամ մի ուրիշ հավատարիմ մարդուց իմանաս, թե Մաղաուզով Թեոդորոսն (նալբանդ Սահակի տղան, կարծեմ) այժմ ո՞ր քաղաքումն է գտնվում և ինչ հասցեով կարելի է նրան նամակ գրել։ Այս պետք է բոլորովին քո կողմից իմանաս և շուտ գրես. Սպանդարի շատ թղթերն և դոկումենտներն նրա մոտ է, նա նրա գործակատարն է եղել, ուզում է նրան նամակ գրել, բայց տեղը չգիտե, իսկ այդ թղթերն այժմ նրան շատ հարկավոր են։ Միայն կրկնում եմ այն ձևով իմաց, որ ոչ ոք կասկած բան չտանի, որովհետև այդ տղան միշտ թափչում է Սպանդարից։
Երկրորդ խնդիրս այն է, որ երբ որ քո միտրիքականը հանել տալու լինես, մի խորհրդապահ քահանայի միջոցով (թե