Էջ:Muratsan, vol. 7.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասաց թռավ դյուցազնորդին
Դեպի լեռան լանջն իվայր.
Անցավ ձորերն հասավ կիրճին,
Աշեց հեռվից մեծ ճամբար։
— Դա էր թուրքաց զորքն ու հրոսակ,
Որ քրդերուն միացած,
Դիմում էր դեպ Սասնո գեղեր,
Սփռել անդ սուր, ավերած։

Զգաց Ավոն, որ իրենից
Առաջ գացող կտրիճներ —
Հաղթվել են զորքի ուժից,
Տալով նրան թանկ զոհեր,
Որ հայրենի գավառն արդեն
Անցել է Թուրք զորքի ձեռք,
Զգաց՝ և իր հպարտ սրտին
Տիրեց սևուկ մաղձ ու մեգ…

«Այսուհետև այլևս ապրել
Պիտ ամաչե սասունցին,
Քանի որ յուր ազատ լեռներ
Ոտք կոխեց չար թշնամին.

Մեզի մեր հարք ազատ, անկախ
Ավանդ տվին այս լեռներ,
Ամոթ է, որ մենք բաց աչքով
Տեսնենք նոցա օտար տեր.
Օն, ուրեմն մենք դեպի մահ,
Հավասարինք մեր եղբարց,
Երբեք չասե թող աշխարհ
Թե «Սասունում հայ մի մնաց,
Որ կյանքն ավել շատ սիրեց
Քան թե մահը կտրիճի
Կամ յուր հպարտ վիզը ծռեց
Կրելու լուծն ստրկի…