Հույժ սիրեցյալդ իմ Ոսկի.
Ամբողջ երեք փոստ սպասելով, վերջապես 7-ից գրածդ ստացա և այն փոխանակ 9-ին ստանալու (որով միայն մի փոստ կլինեի առանց նամակ) 12-ին եմ ստանում, որի պատճառը չգիտեմ։ Բայց ինձ ավելի է զարմացնում այն, որ իմ 4-ի նամակս դու չես ստացել 6-ի փոշտով։ Դա մի շատ երկար նամակ էր 10 երեսից բաղկացած: Այսպես, ուրեմն, ես ստացել եմ քո հունիս 21, 26, 30 և հուլիս 3 ու 7 թիվ նամակներդ։ Բայց գրել եմ (հունիս ամիսը չհաշված, հուլիսի 1, 4, 6, 8, 11 և ահա այսօր էլ 12 թվերով նամակներ, որոնց բոլորն էլ պետք է որ ստացած լինես։ Նամակիդ պատասխանով բոլորի ստացման մասին ինձ միամտություն գրիր։ Եվ, որովհետև, այդ նամակների մեջ հազար և մի բաներ կա գրած, ուստի դրանց առթիվ ոչ մի հիշողություն էլ չեմ անում և ո՞ր մեկի համար անեմ։ Իսկապես այսօր էլ ես նամակ չպետք է գրեի քեզ մինչև որ արած բազմաթիվ հարցերիս պատասխանը չստանայի։ Բայց գրում եմ, որ իզուր չսպասես: Ճիշտ ասած մի կարևոր նորություն էլ չունեմ որ գրեմ։ Ամեն բան հին, ամեն ինչ ձանձրացուցիչ։ Ամառային տոթերը, փառք աստծո, մի փոքր մեղմ են. մենք էլ, մեզ ու մեզ, յոլա ենք գնում, դռնըներս բանող չկա, ճրագներս վառող չկա, պուճախներս սրբող չկա։ Իհարկե քո իմացած դուռ բացող ու ճրագ վառող եմ ասում (դրա համար ծառա կա) այլ ինչ որ ես ու դուն միասին գիտենք։ Վերջապես դու հիմա ինձանից ավելի բախտավոր ես, էս մնա։ Շատ ուրախացա իմանալով, որ ս. Ղևոնդյանցին վանքն ես գնում. և թե միշտ այդպիսի նորություններ իմանամ ավելի կուրախանամ։ Սպասում եմ, որ գրես թե ինչպե՞ս ժամանակ անցուցիք. ուրա՞խ էիր․ ձին չհոգնեցրե՞ց, գո՞հ մնացիր։ Մեկ էլ չեմ իմանում թե ինչ համարձակություն է, որ առանց քո օրինավոր, Տեր Ներսեսի ձեռամբ պսակված, ամուսնու թույլտվությունը կանխավ ստանալու, այդպիսի ճանապարհորդություններ ես անում. իսկ թե ես առանց քո թույլտվության ճանապարհորդեմ