Սիրեցյալդ իմ Ոսկի.
Հինգշաբթի օրվա փոստին նամակ չունեի. սպասեցի շաբաթ. այդ օրն էլ չունեցա։ Թե որ չես գրել, որտեղից ունենամ։ Այսօր ես էլ կամենում էի քեզ նմանվել, բայց սերտս չդիմացավ. չնայելով որ անցյալ փոստ (22-ին) նույնպես նամակ եմ գրել, այսօր էլ վճռեցի գրել. վախենալով թե դու չկարծես թե ես հիվանդ եմ։ Ես շատ առողջ եմ, հոգիս, և լավ եմ զգում ինձ միշտ, միայն միշտ տխուր եմ, որովհետև ինձ շատ ես մինակ թողնում։ Գոնե նամակներով էլ ինձ չես կամենում հաճախ ուրախացնել։ Հովհաննեսը եկավ. երեկ կիրակի ինքը և Սերգեյը մեզ մոտ էին ճաշի. երեք հոգի էինք, ոչ ոք չկար։ Մեր (այսինքն իմ և Հովհաննեսի) խոսակցության գլխավոր առարկան մեր այս անտանելի և աննկարագրելի միայնությունը և մեր շրջապատի ամայությունն է։ Դեռ մի երկու օր է և այս պարոնը չի դիմանում, բա ես ինչ անեմ. մանավանդ որ նա դեռ ընտանեկան կյանքի խորը չէ տեսել, հրեշտակների բացակայության ծանրությունը չէ հասկանում... վերջապես, շատ դժվար է։
Այսօր Ավետից նամակ ստացա և ղրկածս ապրանաց արժեքը յուր հին մանր մունր պարտքերի հետ, ընդամենը մոտ 370 ռ. չգիտեմ ուր էր հաշվել. ինքս ինձ շատ նեղացա։ Գրում է, թե մաման գրել է, որ շուտ գալիս է, երևի էլի մի վատ բան է եղել, բայց կարծում եմ, որ այդպես բան պատահած չի լինիլ։ Եթե թագավորի համար է շտապում, նա այնտեղ