Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամուսնական միությունը նման է մի արգավանդ հողի, որի մեջ արվեստագետի շինարար ձեռքը ծաղկանոց է հիմնում, վարդենիներ է տնկում, ծաղիկներ է ցանում… իսկ անճաշակ գեղջուկը սոխ ու սխտոր է վարում, կամ շատ, շատ, մի քանի անհամ գետնախնձոր… Այս ճշմարտությունը ճանաչելուց ետ մնում է մեզ՝ խնդրել աստվածանից, որ նա անվթար պահե մեր այժմյան հոգեկան կորովը, սրտի եռանդը և զգացմունքների կրակը, որ մենք էլ դրանց շնորհիվ մշտափթիթ պահենք մեր բուրաստանը, մշտաբույր՝ մեր վարդենին, անթառամ՝ մեր ծաղիկները… հսկենք, որ ավերիչ ձեռքեր չմոտենան այդ բուրաստանին, չքանդեն նրանց ցանկապատը, չքադեն նրանց ծաղիկները, չփակեն նրանց ոռոգող առվակի ճանապարհը… Եվ գիտես, թե որքան երջանիկ ենք մենք այս ավուր կյանքով, որ դեռևս սիրահարական, դեռևս բանաստեղծական է։ Գիտես նույնպես, թե որքան մեծ կորուստ է՝ թե այդ խանդակաթ սիրո սիրությունը կորցնե երբև յուր ամբողջությունից՝ անգամ մի մասնիկ… Մենք պետք է պինդ, շատ պինդ սեղմենք մեր կրծքին այդ սիրաշունչ միությունը, որովհետև նա մեր հոգին, մեր կենդանությունն է նրա շնորհիվ այսօր մենք վայելում ենք այն՝ ինչ որ ուրիշները դեռ երազում են կամ այն՝ ինչ որ ուրիշների համար դեռ իդեալ է… Այո, ամուր սեղմենք նրան մեր կրծքի վերա, ապրենք և դողանք նրան անմահության համար…

Բայց դու չկարծես, սիրելիս, թե մեր սերը անմատչելի և անխոցելի է թշնամական նետերին՝ աշխարհում այնքան բազմազան են չարիքները, որ նրանց ամեն մինին պատշաճավոր դիմադրություն ցույց տալու համար բավական չէ հարյուրամյա կյանքը։ Մի անզգույշ վարմունք, մի կոպիտ վիրավորանք, մի չարասեր միջամտություն կարող է խախտել ամենասիրելի միության հիմքը, մի փոքրիկ կայծ կարող է հրդեհ բորբոքել սիրո չքնաղաշեն տաճարի մեջ և չափել նրա գեղեցկությունը, անակնկալ մի փոթորիկ կարկտահար անել սիրո բուրաստանը և ոստաքանց՝ միության դրախտը… Ուրեմն չպարծենանք մեր ունեցած ուժի վերա, այլ աշխատենք զարգացնել նրան, որպեսզի նրա կատարյալ զարգացման