Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուժով սիրվում են միմյանցից․ և, ահա, հենց այդտեղ է, որ երևան է գալիս երջանկությունը։

29/31 հուիլս. 1338. Թիֆլիս.

Իմ աննման, իմ անուշիկ Ոսկեհատ.

Շտապում եմ շնորհավորել քո սիրելի անվան տոնը պատմական Վարդավառի օրը, և այդ առթիվ ղրկում եմ քեզ իմ սիրապատար համբույրներից ամենահրատապը և ջերմագույնը… Կցանկանայի Վարդավառի օրը քեզ մոտ լինել, ներկայանալ քեզ առավոտանց՝ հանդիսավոր սիրով, առնել քեզ իմ գրկերի մեջ, դրոշմել շրթանցդ ճշմարիտ համբույր և շնորհավորել տոնդ լսելի ձայնով։ Բայց… դու էլ գիտես, որ այդ չեմ կարող անել. գոհանանք ուրեմն կարելի եղածով։

Որովհետև իմ հեռավորությունը չի կարող զրկել ինձ՝ քեզ հետ սիրախոսելու քաղցրությունից, ուստի կամենում եմ մի քանի բարեմաղթություններ անել քո սիրելի անվան տոնի առթիվ։ Բարեմաղթություններով, իհարկե, մենք չենք կարող գալուց չարիքների առաջը փակել և ոչ էլ դրանց փոխարեն՝ բարիքների ճանապարհը բանալ․ ճշմարտությունը ճանաչելու համար այդքան գիտակցություն ունենք (դժբախտաբար). բայց բարեմաղթություններ անելու նախապաշարմունքն էլ ունի յուր գեղեցիկ կողմերը. նա բանում է լսողի առաջ անտեսանելի սրտի և անշոշափելի հոգվո գաղտնարանը, նա որոշում է ճշմարիտ սիրո և անկեղծ զգացմունքների չափը և սահմանը, ինչպես որ անեծքը ատելության աստիճաններն է որոշում։

Իմ բարեմաղթությունը, սիրելիս, իմ ամեն օրվա ցանկության արտահայտությունն է. այսինքն՝ որ մեր այսօրվա դեպի միմյանց ունեցած սերը, մինչև վերջին շունչը, լինի նույնքան ջերմ, նույնքան անկեղծ և նույնքան առատադեղ, որքան որ նա այսօր է. որ սուրբ ամուսնության վերաբերությամբ մեր ունեցած պարտքը և իրավունքը՝ մինչև ի վերջ՝ մնան մեզ համար անփոփոխ հենց այն սահմաններում, որը մենք որոշել և պաշտել ենք… ահա բոլորը։