Իմ սիրելի, իմ աննման Ոսկի.
Այսօր եմ հեռացել քեզանից, բայց ամեն օրերից առավել այսօր եմ քեզ կարոտում, ինչ է պատճառը, չգիտեմ. մի տարօրինակ անձուկ պաշարել է ինձ. ինքս ինձ վերա զայրանում եմ. իբրև թե երկու օր բացակա էի այստեղից, բայց այդ երկու և կես օրվա մեջ հազիվ երկու ժամ անցուցի քեզ հետ. ինչ երկու ժամ. ես չեմ հիշում, թե երկու քառորդ էլ անցուցած լինեմ, շատ եմ նեղանում, ինչու այսպես հիմարացա. շաբաթ երեկոյան շջծլված մի քանի անգամ նայել եմ քեզ, այդ եմ հիշում, կիրակի ամբողջ օրը քեզ չեմ տեսել, երկուշաբթի չեմ տեսել և այսօր վաղ առավոտվանից հեռացել եմ, միթե այս ես կարող եմ ինձ ներել։ Եթե իմանաս թե ամբողջ շաբաթ ինչ անձկությամբ, ինչ անհամբեր սիրով եմ քեզ սպասում տեսնելու, ինչ նախագծեր եմ հորինում քո դիմավորումը գրկելու. կհավանես, կհիանաս։ Բայց հենց որ պատահում եմ քեզ, բոլոր մտածածներս մոռանում եմ, շփոթվում եմ, քեզ նայում եմ, տեսնում եմ, բայց չեմ վայելում, և վերադարձի օրս այս զրկանքները մտածությանս ուսերի վերա բարձած վերադառնում եմ… Այսօր վագոնում ինքս ինձ մտածում եմ, երևի իմ Ոսկիս ինքն է մեղավոր, որ ամեն նախագծերս այսքան անշուք և անհամ ձևով են վախճան առնում։ Ես խարույկ եմ դառնում ինձ հետ, անհուն, անսահման սիրո կրակով վառված, իմ Ոսկիս ոչ միայն չէ լեցնում նրա վերա` նրան արծարծելու համար, այլ և թույլ շնչով չէ փչում այդ կրակին, և ահա բոցերի փոխարեն ես մոխիր եմ տեսնում իմ գրկած խարույկի մեջ… Բայց մի թե այս այսպես է. մի՞թե ես չեմ սխալվում, ասա, գրիր քո կարծիքը. ինչպես կցանկանայի, որ այս ենթադրություններս ջրեիր և ցույց տայիր ինձ իմ սխալանքը, բայց դու այդ կանես, այնպես չէ՞. մինչև իմ գալս ես քո նամակը կկարդամ, ինչպես շատ եմ ուզում, որ ինձ նամակ գրես, տաք, կրակոտ, և սիրաշունչ նամակ, ցանկանում եմ, որ ինձ բացատրես, թե ինչո՞ւ ես քեզ այսքան շատ եմ սիրում, ինչու իմ հոգին նվազում է,