Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իսկ 24-ին, կիրակի օրը՝ Թիֆլիս։ Ես կարծում եմ, որ 22֊ին գալնիդ շուտ չի ասվիլ. այստեղ էլ այնքան շոգեր չկան. և, մինչև անգամ, հով օրեր են անում, բայց գուցե դեռ էլի փոխվի եղանակը, ամեն կասկածից ազատ լինելու համար կարող եք մի շաբաթ էլ ավելի մնալ, այսինքն՝ ճանապարհվի ամսույս 29-ին՝ ուրբաթ. 30-ին գալ և 31-ին՝ կիրակի օրը՝ Թիֆլիս։ Այսպես, ճիշտ սեպտեմբերի սկզբում Թիֆլիս եկած կդառնաք։ Միով բանիվ, ո՛ր օրը, որ դուրս գալու լինեք, ինձ վաղօրոք հաստատը նամակով իմացրեք, նույնպես այն թե. դուրս եկած օրը Եվլախ կգաք, թե հետևյալ օրը։ Վերջապես ես ցանկանում եմ, որ կիրակի օրը լինեք Թիֆլիս մտնելնիդ, որ ես էլ ստիպված չլինեմ միայն 10 րոպե մնալ ձեզ մոտ առաջին հանդիպման օրը։ նամակը, իհարկե, մի փոստ առաջ կգրեք, իսկ դուրս եկած օրը հեռագիր կքաշեք։

Ավելի վաղ ես մոռացա գրելու. չգիտեմ յուղի համար հոգացել եք, թե ոչ, թե հոգացած չլինիք, դժվար կլինի շատ, որովհետև այստեղ լավ յուղ չէ լինում և շատ էլ թանկ է լինում։ Գոնե պատվիրեիք, որ մի 3 պուդ այդտեղ գնեին լավ յուղ և առանց հալելու տիկով ուղարկեին, մենք այստեղ կհալեինք, որովհետև, ինչպես փորձից էլ գիտես, հալածը բերելու համար շատ դժվարություններ է լինում։

Թեպետ մի կողմից ասում եմ մի շաբաթ էլ ուշանաք, բայց մյուս կողմից էլ մտածում եմ, որ մի շաբաթով ավելի վաղ գալ ավելի լավ է, որովհետև տունը փոխելու հարցն էլ մեջտեղ կա. հետո կարող են եղանակները փոխվիլ, բայց այս էլ կա, որ թեպետ գրում եմ արդեն հով, սակայն այս րոպեին էլ, որ երեկոյան ժամ 8-ն է, մեր սենյակի ջերմությունը 22 աստիճան է, իսկ գիշերը հազիվ 21 աստիճանի է իջնում։ Վախենում եմ հով տեղից գաք էլի, անցյալ տարվան օրն ընկնեք։ Միայն էս էլ կա, որ եղանակների ջերմությունը արդեն կոտրված է, թե տաքեր էլ անի երկարատև չեն լինիլ:

Ուրիշ գրելիք չունիմ—Ողջունիր բոլորին։

Քո Գրիգոր