Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար, որ, վերջապես, ողջամբ տեղ հասնելուդ համար լուր առի, թեպետ կից կտուր և շատ թերի, որովհետև առնվազն մի համառոտ նկարագրություն էի սպասում քեզանից, թե ճանապարհորդությանդ և թե ընդունելությանդ վերաբերմամբ։ Բայց վնաս չունի, երևի թերին մյուս նամակներովդ կլրացնես. այսքանով էլ շատ գոհ եմ և շատ շնորհակալ։

Նամակդ հուզեց ինձ՝ երբ կարդացի քո արած իրավացի գանգատներդ․ դու խո գիտես, թե որքան եմ վշտանում՝ երբ մի փոքր քիթիդ դիպչում եմ․ գիտես, թե ինչ սիրտ կրծող զղջումն է գալիս ինձ վրա՝ երբ քո քնքշիկ սիրտը վիրավորում եմ, դու այդ գիտես, ուրեմն չպիտի հիշեցնեիր ինձ ոչինչ քեզ ճանապարհելու րոպեների և նախընթաց օրերի տրամադրությանս վերաբերմամբ։ Ես նեղանում եմ ոչ թե նրա համար, թե ինչու անիրավ, կամ իրավացի տխրությամբս քեզ վշտացրել եմ, այլ նրա համար, որ իմ պարտավորությունն էր միշտ հաճույքներով շրջապատել քեզ, որպեսզի այդ գնով ես էլ մի փոքր հաճույք վայելեմ—-իսկ ես մեղանչել եմ այդ պարտավորությանս դեմ...Ճշմարիտ, շատ եմ ցավում, որ դու հիշում ես, թե երեք օր, ամեն առավոտ, կռվում էի քեզ հետ։ Ես միայն հիշում եմ այն՝ որ բոլոր ժամանակ դու մի հրեշտակից ավելի գեղեցիկ, քնքշիկ և սիրելի էիր, հիշում եմ այն, որ դու այժմ հեռու ես, որ, այդպիսով, ես աշխարհի ամենամեծ և ամենաթանգ քաղցրությունից զրկված եմ այժմ, հիշում եմ քո աչքերը, քո հազվագյուտ․․․ ուզում եմ ասել հազվադեպ ժպիտը, քո հագուստի խուլ ձայնը, երբ մոտից անցնում էիր և այնպիսի բաներ, որոնք դու արդեն մոռացած կլինես, բայց որոնց ծարավի տենչանքով լսում էի ես... երբ արտասանում էիր... դրանք մի քանի կարճ խոսքեր կամ բացականչություններ էին, քեզ համար գուցե բոլորովին աննշան, բայց ինձ համար՝ անչափ սիրելի։

Բայց այս բոլորը ոչինչ. նամակիդ մեջ մի երկու խոսք կարդացի, որոնք բոլորովին շարժեցին ինձ, քիչ մնաց, որ յոթ տարով ետ դառնայի դեպի անցյալը, դեպի այն քնքուշ, այն աստվածային կյանքը, երբ մեր սրտերը սիրով