Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատարուն կարծես միայն մի շնչով և մի բաբախումով էին ապրում—միայն մի հրճվանքով և մի ժպիտով զվարթանում... գիտես ինչ խոսքեր էին դրանք, կարող ես գուշակել, և հազիվ թե հավատաս։— Դու ինձ գանգատվում ես, որ, երբ նոր շորդ հագար (որի մեջ արդարև երկրպագվելու չափ սիրելի էիր դու), ես քեզ, քու կուրծքդ չհամբուրեցի... և մի՞թե այս ես քեզանից եմ լսում, մի՞թե դու սպասում էիր երբևիցե իմ համբույրին... դու չէի՞ր, որ շարունակ հանդիմանում ինձ հենց այն բանի համար, որին այժմ ասում ես թե «սպասում էի»։ Եվ մի՞թե քո մշտական դժգոհությունդ չէր պատճառ, որ վերջերս ես վախենում էի մինչև անգամ գրկել քեզ․ հավատա ինձ, սիրելիս, որ այն երեկո, երբ նոր շորդ հագար—քեզ համբուրելու ցանկությունս զսպել ստիպված լինելուս համար, մինչև անգամ տխրեցի, բայց դու չնկատեցիր, ախր չէ՞ որ դու ինձ միշտ նկատել ես, որ քեզ հոգնեցնում եմ... շատ լավ ես այդ գրածդ կպահեմ և նրանով իմ իրավունքներս կվերականգնեմ ապագայում։ Ինչ վերաբերում է նրան, որ ես տխուր և մտախոհ էի քեզ ճանապարհելու ժամանակ, պատճառը շատ պարզ էր, դու հեռանում էիր ինձանից, ես գուշակում էի իմ միայնության անտանելի լինելը և տխուր էի։ Աստված վկա, առաջի անգամ գալուց ես այսքան քեզ չէի կարոտում, երևի կամ հիվանդ եմ, կամ ծերանում եմ` ավելի ուղիղ խոսքը քեզ եմ թողնում ասել... այդ այն է, որ այժմ, ավելի քան երբեք, սիրում եմ քեզ։ Դու պաշարդ քիչ դնելն էլ իմ հանցանքն ես համարում և դրանից եզրակացություն անում, որ ուրեմն ես էլ առաջվանը չեմ, բայց սխալվում ես, դրա մեջ էլ մեղավորը դու ես. այնքան իմ առատ և շնորհալի պատրաստությունները դատապարտել ես, որ այդ երեկոյան դրածները կարծում էի հենց քո ճաշակիդ եմ հարմարեցրել. թե ավելի բան լինի կնեղանաս և ախորժակդ կփակվի։ Չէ, սիրելիս, անհրաժեշտ է, որ մի ազատ օր, առավոտից մինչև երեկո միասին նստենք մի կանաչ տեղ հովանավոր և մենավոր ծառի տակ և նորեն միմյանց ծանոթանանք, միմյանց ուսումնասիրենք. ժամանակը, որ ամեն բան մաշում է, կարծես մեր միմյանց վերա ունեցած լավագույն կարծիքներն