Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սթափեցրեց ինձ։ Եվ մի՞թե կարողանում է մարդ հավատալ, թե լեռների այսպիսի բարձրության վրա կարող է գտնվել այսքան ընդարձակ մի լիճ, որին, իրավամբ ծովակ անուն են տալիս։ Սա Հայաստանի բնության հրաշալիքներից մինն է։ Ուրեմն միայն Զվիցերիան չէ, որ պարծենում է յուր լեռնային բարձրավանդակների լճերով․ Գեղամա ծովակը գերազանցում է, մանավանդ որ յուր այս ընդարձակությամբ հանդերձ նա գտնվում է ծովի մակերևույթից մոտ 6400 ոտնաչափ բարձր տարածության վրա։

Ես առաջանում էի սրտատրոփ, մի ինչ որ քաղցր և գողտր զգացմունք մղում էր իմ սիրտը դեպի այս ծովակը։ Դա այն սին հետաքրքրությունը չէր, ինչ որ ես զգացել էի առաջին անգամ ծով տեսնելիս կամ նրա վրա նավարկելիս, ինձ թվում էր, թե Գեղամա ծովակի մեջ ինձ անծանոթ՝ բայց հուգվույս ընտանի շատ նորություններ կան, որոնց պիտի տեսնեի, թե անցյալ դարերի շատ անցքերի պատմություններ նրա աչքների մեջ պիտի կարդայի…

Բայց, իհարկե, դեռ շուտ չի պիտի հասնենք նրան. մոտ հինգ վերստ ճանապարհ պետք է գնանք ծովի նավամատույց ափին հասնելու համար։

Այդ ճանապարհն անցնում է հիշյալ Չիբուխլու հայաբնակ գյուղի միջով, որ գտնվում է կանաչազուրկ Մարալ-Դաղի (Այծեմնասար) ստորին լանջերից մեկի վրա։ Սեմյոնովկան տեսնելուց հետո, երբ մարդ անցնում է չոր ու ցամաք Չիբուխլուի միջով, ակամա հառաչում է։ Չգիտես, խղճալ այդ ժողովրդի վրա, թե՝ զայրանալ։ Մտածում ես ինքդ քեզ, մի քանի վերստ հեռավորության վրա դրախտ է ծաղկում։ Ի՞նչն է ստիպել այս մարդկանց այդ չոր ու ցամաք լեռնալանջին կպչելու, ո՞չ ապաքեն ճաշակի և մանավանդ մարդկային զգացմունքի պակասությունը։ Չէ՞ որ իրենք մալականներից առաջ էին ապրում այս երկրում, ինչո՞ւ նրանց տիրած հարուստ արոտներից, մարգերից ու մարմանդներից չեն կամեցել օգտվել։ Ամբողջ գյուղի մեջ մի խումբ ծառ չկա, մի պարտեզ չկա, մի հովանոց չկա, Աստծո տված փայտն էլ չունին, որ այրեն ու տավարի քակոր են այրում, որ իրենք ցան են անվանում, այդ պատճառով յուրաքանչյուր գյուղացու