Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— էհ, դրա ձայնը վանահորն էլ խուցից դուրս կբերի,— ծիծաղելով նկատեց գյուղացիներից մինը։ Եվ արդարև, քիչ ժամանակից հետո տեսանք, որ կղզու հանդիպակաց ափից մի նավակ շարժվեցավ դեպի մեր կողմը իսկույն ուխտավորները իրար վրա խառնվելով սկսան իրենց իրեղենները մեր կանգնած տեղերից տեղափոխել մի ուրիշ կողմը, ուր ջուրն ավելի խոր լինելով, նավակը հեշտությամբ պիտի մոտենար։ Մենք էլ հետևեցինք գյուղացիներին։


Նավակը հասավ։ Դա բավական ընդարձակ, առանց կայմի և առագաստի, հնաձև և դժվարաշարժ ղեկով մի մակույկ էր։ Մի քանի րոպեի մեջ ուխտավորները իրար հրելով մակույկի մեջ լցվեցան, նստարաններն ու հատակը բռնվեցին, և նավակը, որ հազիվ հիսուն հոգու տեղ ուներ, ութսունից ավելի ուխտավորներով ու նրանց իրեղեններով բռնվեցավ։ Մենք էլ, որ յոթ հոգի էինք, մի կերպով այս մարդակույտի մեջ տեղավորվեցանք։ Չորս զորեղ հայաստանցիներ սկսան թիակները շարժել, հինգերորդը ղեկը բռնեց, և նավակը խորը մտավ։

Ուխտավոր երիտասարդներից ոմանք տեղերնին հանգստացնելուց հետո, սկսան երգել։ Ուրիշները դեռ շարունակում էին նավակ մտնելու ժամանակ սկսած վեճերը, իսկ ավելի հասակավորները միջամտում և խրատում էին նրանց։ Նավակի մեջ կատարյալ իրարանցում և անիշխանություն էր տիրում։ Այնուամենայնիվ հաճելի էր այդ ժամանակավոր անիշխանության մեջ գտնվել և դիտել այդ խայտաբղետ ամբոխի ուրախությունն ու դժգոհությունը. դրանք նմանվում էին նավաբեկությունից փախած և ազատարար նավակին ապաստանած նավորդների որոնց միակ փափագը մի կերպով ափելնելն ու ազատիլն է լինում։ Չնայելով, որ ծովակը հանդարտ էր և միայն փոքրիկ ծփանքներն էին նավակը տատանում, այսուամենայնիվ մի քանի աղջկանց գլուխը սկսավ պտտիր մինը մինչև անգամ գլորվում էր հատակի վրա։ «Ջուր տվեք, ջուր տվեք», կանչեցին գյուղացիները։ Մինչև ես այն մտքումն էի, թե որտեղից ջուր գտնեն նավակի մեջ, մի քանիսը դեպի ծովակը ծռելով՝