Էջ:Muratsan, vol. 7.djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բաժակով ջուր վերցրին այդտեղից և խմացրին երախայոց: Նոր հիշեցի, որ Գեղամա ծովակի ջուրը քաղցր է և խմելու պիտանի։ Ինքս էլ լցրի բաժակս այդ վճիտ ու քաղցրահամ ջրով և ախորժանոք խմեցի։

Սա էլ իմ ուխտերից մինն էր, որ կատարեցի։ Բայց ի՞նչ ուխտ. աշակերտական ժամանակի, անկեղծ զգացմունքների և սուրբ ոգևորության ուխտ… Երբ դեռ աշակերտ էինք, մեր վարժապետը Հայաստանի աշխարհագրության դասին ոգևորված պատմում էր Սյունյաց նահանգի այդ թագուհու-Գեղամա ծովակի հրապույրների մասին։ Այդ ժամանակ ահա ուխտեցինք մենք այցելել նրան և Սյունյաց հորդաբուխ աղբյուրների այդ բագմադարյան ավազանի ջրիցը վայելել։ Սա մի անմեղ, գուցե և տղայական ուխտ էր, բայց այդ ուխտը հիշելով և մեր գործերը դիտելով ես ամաչում եմ, չէ՞ որ այս ուխտի հետ միասին ուրիշ շատ ուխտեր էլ ունեինք մենք, ուխտեր անձնվիրության, անձնազոհության… բայց ո՞ւր մնացին դրանք, ո՞ւր ցրվեցան մեր ընկերները, ի՞նչ աստվածների են ծառայում այժմ, ի՞նչ իդեալներով են ոգևորվում… Չէ՞ որ պատասխանը հուսահատական է։


Վերջապես հասանք կդզին։ Հեռվից չոր ու ցամաք և փոքրիկ բլրակի չափ երևացող այդ թումբը կանաչազարդ և բավական ընդարձակ մի գեղավայր էր հինավուրց ուռենիներով և լաստիներով շրջապատված։ Կղզու դիրքը հարավ-արևմտյան կողմից ներկայացնում է բավական լայնադիր մի տափարակ, սիրուն կանաչներով ծածկված։ Այդ տափարակի վրա, ծովակից 10—20 քայլ հեռու, կարգով շինված են (ուխտավորների համարի երեսունի չափ սենյակներ` որոնք իրենց կես մասը դեպի հարավ, իսկ կեսը դեպի արևմուտ դիրքով ներկայացնում են կղզու ներսը փակող մի ուղիղ անկյուն և ծառայում են մի տեսակ պատվարի տեղ։ Ներս մտնելով այդ երկու շարքը միմյանց հետ կապող անկյունի դռնից, առջևդ բացվում է մի ընդարձակ և սիզավետ բակ, որի արևմտյան֊ հյուսիսային կողմը երկարանալով ձգվում է հեռու մինչև