ծովափը, ուր նրան փակում են ուռենիների և բարդենիների մի քանի շարքեր։ Իսկ հարավ-արևելյանը կազմում է վանքի բուն բակը, որին հովանավորում են մի քանի հաստաբուն և ստվերախիտ ուռենիներ։ Այս մասի շարունակության վրա շինված են Սուրբ-Աստվածածնի եկեղեցին և միաբանության բազմաթիվ խուցերն ու այլ կացարանները. իսկ այս շինությունների հետևից անմիջապես բարձրանում է բուն կղզին ներկայացնող բլուրը, որի վրա կառուցված են Սևանի ուխտի անդրանիկ եկեղեցիները և մատուռները, որոնց մանրամասն նկարագրության կդառնանք, ուխտավորի առաջին պարտքերը կատարելուց ետ։
Մտնելով վանքի բակը և պատահելով այստեղ ուրիշ շատ ուխտավորների, որոնց մեծ մասը արդեն սենյակներ ունեին ստացած, իսկ շատերը փակված սենյակների մոտ կանգնած՝ նրանց բացելուն էին սպասում, որ գրավեն, մեր առաջին գործն այն եղավ, որ մեզ համար էլ մի կացարան որոնենք։ Հարկավ, եղածների մեջ լավագույնը և կահավորածը ընտրեցինք։ Եվ որովհետև մեր ընտրածի դուռը փակ էր, իսկ պատուհանները բաց, ուստի պատուհանների մեջ դարսեցինք մեր իրեղենները, փականքի բանալիին սպասելով։ Երևաց, որ ուխտավորների բոլոր սենյակների փակակալը նոր հայ մկրտված մի քուրդ էր, որ յուր իշխանության ուժը մեզ ցույց տալու համար վճռապես հայտնեց, թե այդ սենյակները մեզ չի կարող տալ, որովհետև ուրիշ հյուրերի համար է պահված։ Փակակալ քուրդի ինքնասիրությանը դիպել էր՝ որ առանց յուր բարեհաճությունն ստանալու, մենք ընտրություն էինք արել։ Եթե հետերնիս խոսողը տգետին մինը չլիներ, կարելի էր վիրավորվել որ «աթադան բաբադան» հայ ուխտավորներիս վրա իրավունքներ է ծախում երեկվա հայ դարձած քուրդը։ Ես դիմեցի դեպի միաբանության խուցերը, որպեսզի վանահորը տեսնեի կամ վարդապետներից մինին, որոնք, հարկավ, ավելի պատշաճավոր կարգադրություն կանեին, բայց որքան եղավ իմ զարմանքը, երբ կեսօրվայ ժամը մեկին բոլոր խցերը փակված և վարդապետները ներսում քնած գտա։ Երբ պատճառը հարցրի, ասացին, թե այդ գիշեր եկեղեցում «հսկումն» են կատարել և ցերեկվա ժամասացություններից