Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոմանց խնդիրն էր լսում, այլոց գանգատն ու դժգոհությունը, ում որ արժան էր համարում պատասխանում էր, ում որ չէ` լռում էր ու անցնում։ Երբեմն ժամերով նա հեռանում էր և հենց որ նորից երևում էր, դարձյալ ուխտավորները շրջապատում էին նրան, նորից խնդիր, գանգատ, դժգոհություն։ Սողոմոն սարկավագը երբեմն բարկանում, ձայնը բարձրացնում էր, մեկին կամ երկուսին արժանացնում էր յուր բարեհաճությանը, հրամայելով ծառաներին բերել խնդրած իրեղենը, մյուսներին մերժում կամ արհամարհում, և այս դարձվածները կրկնվում էին շարունակ։ Խեղճ մարդը շատ անգամ փախչում էր ուխտավորներից։

Չնայելով, որ այստեղ ամեն բանի համար մի առանձին պաշտոնյա կա կարգված, օրինակ, սենյակ պետք է խնդրել փակակալից, պղնձեղեն` խոհարարից, աման, աղ, հաց կամ մի ուրիշ բան` տնտեսից, փայտը` փայտապանից, և այլն, այսուամենայնիվ այս բոլոր բաները ձեռք բերելու համար վերջին խոսքը պատկանում է Սողոմոն սարկավագին։ Պետք է ուրեմն ենթադրել, թե նա տնտեսական մասի գլխավոր վերակացուն էր։ Բայց ըստ երևույթին նա դրանից զատ ուրիշ շատ արտոնություններ էլ ուներ, որոնց մասին հետո։

Երեկոյան ուխտավորները, զանազան խմբերի բաժանված, նավակատյաց ընթրիքի նստեցին։ Դրանցից շատերը թառ, սազ կամ հարմոն ածող ու երգողներ ունեին. ուրիշները առանց այլ գործիքների էին երգում։ Մի քանի ժամվա մեջ վանքի ընդարձակ բակը խնջույքի դահլիճ դարձավ, թմբուկ, երգ, պար, գոռում, գոչում բռնեցին ամեն կողմ։ Բայց շուտով էլ այս աղմուկն ու շփոթը կանոնավորվեցան։ Բոլոր ուխտավորները մի քանի մեծ խմբերի բաժանվելով և դրանց միջից երիտասարդ տղաներն ու աղջիկները զատվելով` սկսեցին ժողովրդական երգեր երգել ու պարել խմբովին։

Այնուամենայնիվ այս զվարճությունները մինչև կես գիշեր տևեցին։ Ինձ համար ուշադրության արժանի կետը և միևնույն ժամանակ մխիթարականը այն էր, որ այստեղ բոլոր երգերը զուտ հայերեն էին, մերթ գրական և մերթ ժողովրդական լեզուներով։ Երբեմն միայն խառնում էին թուրքերեն և այն էլ պարերգի ժամանակ։