Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սևանի ուխտավորները գլխավորապես նոր-Բայազետի և ծովափի շրջակա գյուղերից էին։ Ուխտագնացության կարգերն ու սովորությունները սրանց մոտ էլ նույնն են, ինչ որ մեր կողմերում, այսինքն Արցախի և Սյունյաց նահանգներում։ Տղամարդկանց հագուստները նման են մեր կողմի գյուղացիների հագուստի, բայց կանանցը զանազան տեղերի կանանց հագուստների մի խառնուրդ է ներկայացնում. օրինակ՝ գլուխները կապած են թիֆլիսեցի կանանց պես. բերանները քթկալով ծածկած` ղարաբաղցի գեղջկուհիների նման, հագած ունին մի կարճ դերիա, որի տակից նուխեցի կանանց նման` մոտ երկու թիզ երկարությամբ` երևում է կարմիր ու լայն վարտիքը։ Դերիայի վրայից կապած ունին մալական կանանց գոգնոց և նրա վրայից էլ հագած ղազանցի թաթար կանանց գործածական մի բաճկոնակ։ Այսպիսով այդ հագուստը մի շատ տգեղ ձև է ստանում. առհասարակ այս ուխտավորների մեջ տղամարդիկ ավելի գեղեցիկ էին, քան թե կանայք։ Վերջիններս խիստ տգեղ կազմված ունին, մեջքները հաստ, փորները դեպի կուրծքը բարձրացած, դեմքերը տգեղ, բերանները մեծ, ձայները կոպիտ, շարժվածքները անշնորհք, և թե հայերեն խոսելը չլինի, տեսնողը ավելի ասորուհիների կը նմանեցնի նրանց, քան թե հայուհիների։

Վարդավառ առավոտը շատ վաղ զարթնելով, գնացի Սևանի եկեղեցիներն ու ճգնարանները գիտելու։ Բայց որովհետև ժամասացությունը վաղուց սկսված էր, ուստի նախ մտա եկեղեցի աղոթելու։ Փոքրիկ ժամատունը լիքն էր ուխտավորներով, այնպես որ հազիվ կանգնելու տեղ կարողացա գտնել։ Ժամասացները միայն վարդապետներն էին, թվով հինգ թե վեց, դրանց հետ էլ երկու սարկավագ և մի քանի տիրացուներ։ Կար և մի պատժված քահանա, որ ժամայացության չէր մասնակցում։ Ժամերգությունը այստեղ մի ինչ որ հին և մելոդիական տոն ունի, որ առավել ջերմեռանդություն է ներշնչում աղոթողի մեջ։ Ուստի, չնայելով որ նա այստեղ ավելի երկարատև է քան մեր եկեղեցիներում, այսուամենայնիվ մարդ սիրով է սպասում մինչև ավարտը։ Աղոթողները մեծ մասամբ կանայք ու աղջիկներ էին, որովհետև տղամարդիկ դրսում զբաղված էին մատաղ մոր թելով ու եփելով: