Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դարձյալ Ս. Գրիգոր Լուսավորիչը։ Եկեղեցու ձևը ավելի հին է, քան Սևանում գտնված մյուս եկեղեցիները. շինությունը պարզ է և անպաճույճ, վրան ոչ մի զարդ և հիշատակարան չկա, պատերը և գմբեթը ճաքճքած և փախչելու վտանգի մեջ են։ Այս պատճառով ժամասացությունը շատ վաղուց դադարած է այստեղ։ Միայն մեծ տոներին բանում են դուռը, որպեսզի ուխտավորները տեսնեն կամ համբուրեն: Եկեղեցու բեմի վրա դեռ սեղան կա դրած մի հին և անարվեստ պատկերով և մի հնագույն խաչկալով, որի հիշատակարանը բարձր լինելու պատճառով կարդալ չկարողացա։ Պատերի վրա կախված են` նույնպես և բեմի առաջ դրված մի քանի տգեղ պատկերներ, որոնցից մի երկուսը, մինչև անգամ, ռուսերեն մակագրով։

Սուրբ Հարության ավերակ տաճարի և սուրբ Կարապետի մատուռի գրեթե մեջտեղում գտնվում է «Երկոտասան Առաքելոց« եկեղեցին, որը կառուցել է Աշոտ առաջինի դուստր և Սյունյաց Վասակ իշխանի ամուսին Մարիամ Տիկինը քրիստոսի 877 թվականին, որ ասել է 1014 տարի սրանից առաջ։ Չնայելսվ այս պատկառելի հասակին, եկեղեցու շինությունը բավական ամուր և հաստատուն է, միայն գմբեթի վրա աննշան ճեղքվածներ կան։ Երկարությունը 23 և լայնությունը 26 քայլ է: Շինությունը դարձյալ անսյուն, պարզ և անզարդ է, միայն դռան սյամերի և պարավորի վրա մի քանի աննշան քանդակներ կան։ Պատերի վրա նույնպես ոչ մի արձանագրություն կամ հիշատակարան չկա։

Այս եկեղեցու մեջ ամենանշանավոր հնությունները երկու եպենյա (աբանոսի) միակտուր և քանդակագործ դռներ են։ Դրանցից առաջինը արևմտյան դուռն է, որ շինված է 715 տարի սրանից առաջ, այսինքն` փրկչական 1175 թվականին և որի վրա քանդակված է հետևյալ արձանագրությունը, «Ի թվին ՈՒԵ (625) նորգվեցավ դուռն սուրբ եկեղեցվոյս հրամանավ իշխանաց իշխան Քրդին և ձեռամբ յՕհաննիսի հիվսանն, որ ընթեռնուք հիշեսջիքյ»։ Թե ո՞ր Քուրդ իշխանն է այս, հայտնի չէ, միայն նրա գերեզմանը կա այս եկեղեցու գավթի մեջ հետևյալ արձանագրությամբ։ «Այս է հանգիստ պարոն Քուրդա»։ Այս դռան քանդակները նման են հայոց վանքերում