Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամ Սևան[1]: Այդպիսով, ուրեմն, Սևանի միաբանութան հիմնադրությունը Սուրբ Լուսավորչից սկսվելով տևում է մինչև մեր օրերը, որ ասել է մոտ 1600 տարի։

Թե ովքեր են եղել այդ ուխտի անդրանիկ առաջնորդները կամ նրանց հաջորդները' հայտնի չէ։ Միայն հավանական է, որ Սևանի ուխտը յուր հիմնադրության օրից սկսած բավական երկար ժամանակ ծաղկած դրության մեջ լինի եղած, ըստ որում մոտ 400 տարի խաղաղ դրություն է վայելել, և Հայաստանի մեջ փոթորկող պատերազմները ոչնչով չեն վնասել նրան։

Բայց 702 թվականին, ըստ վկայության Հովհաննես կաթողիկոսի, առաջին անգամ այդ կղզու վրա արշավում է Հազարացոց Մրվան ոստիկանը։ Սա Հայաստանի շատ բերդեր ու ամրոցներ առնելուց ու ավերելուց հետո իր սուրը դարձնում՚ է խաղաղանիստ Սևանի վրա։ Բռնավորի դիտավորությունը ոչ թե այդ հոգևոր միաբանությունը ոչնչացնել էր, այլ Սևանի ամրոցները առնելն ու քանդելը, որովհետև պատերազմական հալածանքների ժամանակ շրջակա գավառներից շատերը, ազատություն գտնելու հույսով, ապաստանում էին այդ կղզու ամրոցներին։ Մրվան ոստիկանը իր զորքերը Սևանի կղզին մտցնելով, առնում և հիմնովին քանդում է նրա ամրոցները, կողոպտում է եկեղեցիները, իսկ այդտեղ ապաստանածներին, աշխարհական թե հոգևորական գերի վարում յուր հետ[2]։

  1. Այս անունը, մեր կարծիքով, բռնազբոսիկ է։ Գուցե ճիշտն այն է, որ այդ կղզու բոլոր եկեղեցիները շինված լինելով սև խանձաքարից և ժողովուրդը, որ տեսասով է դատում և տեսածովը անուն տալիս, կղզու միջի վանքերը Սև տեսնելով՝ անունն էլ դրել է Սև վանք կամ Սև վան, որը և հետագայում կրճատվելով դարձել է Սևան։
    Ծանոթ. հոդ.
  2. Սևանի կղզին, հին և միջին դարերի ժամանակ, անառիկ ամրոցներից մինն է եղել, որովհետև, բացի այն՝ որ չորս կողմից պատած է ջրով, այլև կղզու երեք կողմը անմատչելի է նավակների ու լաստերի համար, ըստ որում պատած է ուղղաբերձ ժայռերով։ Հարավ-արևմտյան կողմից միայն հարթություն ունի, այդտեղ էլ երևի պատվարներ ու բուրգեր են կառուցված եղել որովհետև դրանց հիմքերն ու քարացած շաղախը դեռ երևում են ծովափի մի քանի տեղերում:
    Ծանոթ, հող.