գտնվում են վանքի բակում. մնացյալները երկար շարքով տնկված են ծովափի վրա հարավային և արևմտյան կողմից. Ուրիշ ծառեր չկան, ոչ պտղատու և ոչ անպտուղ, որովհետև կղզու վրա արմատ չեն բռնում։ Ինչպես պատմում են միաբանները, կղզու հողը կես արշինաչափ փորելուց ետ, տակը քարացած ավազ է դուրս գալիս։ Այդ է պատճառը, որ ավելի քնքուշ ծառերի արմատները սնունդ առնել չկարողանալով չորանում են։ Սակայն վերջին տարիներս իրենց փոքրիկ մի բանջարանոցի մեջ տնկել են խնձորենի և թթենի, որոնք և արմատ են բռնել։ Այդ ապացուցանում է, որ կղզին պտղաբեր հող պարունակող տեղեր էլ ունի։
Սևան անապատում գտնված եկեղեցիների և մենարանների համառոտ ստորադրությունը անելուց հետո, մնում է նրա անապատական կարգերի և արդի միաբանության վերաբերմամբ տեղեկություններ հաղորդել։ Բայց այդ անելուց առաջ կարևոր ենք համարում այդ անապատի հին անցյալի փոքր ի շատե հայտնի պատմությունից մի համառոտ քաղված անել։
Փոքր ի շատե հայտնի ասացինք նրա համար, որովհետև այդ անապատի անցյալից շատ քիշ բան է հայտնի։ Եթե վերջին տարիներում այդտեղի միաբանությունը կազմած ունեցել է յուր ուխտի պատմությունը, որ հավանական է, այնուամենայնիվ այդ պատմությունն ևս ուրիշ շատ թանկագին գրչագիրների հետ ոչնչացել է` այդ անապատի Հովհաննես անունով մի ապիրատ վանահոր ձեռքով, որի մանրամասնությունը կպատմենք յուր տեղում։
Մնում է, ուրեմն, մեր պատմագրությանը մեջ հայտնի մի քանի դեպքերը հիշատակել։
Ինչպես սկզբում հիշեցի, Սևանի անդրանիկ եկեղեցին եղել է Սյունյաց նախարարական տան մի մեհյան, որին և Գրիգոր Լուսավորիչը Տրդատ թագավորի հետ այցելելով սրբագործում և անվանում է սուրբ Հարություն։ Ապա շինելով դրա մոտ մի նոր մատուռ սուրբ Կարապետի անվամբ, հիմնում է այդտեղ և միաբանական ուխտ Քրիստոսի` 302 թվականին։ Իսկ բոլոր կղզին թագավորի խորհրդով անվանում է սա է վան, որը հետո կրճատվելով դառնում է Սավան