Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամանակից սկսված արդեն վանքը հետզհետե շենանում է, մանավանդ, որ պարսկական բռնությունները վերջացած լինելով՝ վանքի կալվածներից և նրանց շրջականերից տարագիր եղած հայերը նորից իրենց տեղերն են վերադառնում և նախնական տասանորդներով և առատ նվերներով իրենց հինավուրց և նվիրական Սևանը հետզհետե կարոտությունից ազատում։

Թե նախկին վանահայրերի օրոք որքանի՞ էր հասնում միաբանության թիվը, հայտնի չէ, միայն հիշյալ Հովհաննես վարդապետի օրոք, ինչպես վկայում է Մանվել վարդապետ Կյումուշխանցին, (որ դրել է Սևանի միաբանության վերաբերյալ մի համառոտ հիշատագիր, որը և մենք աչքի առաջ ենք ունեցել ներկա «Ճանապարհորդական ակնարկը» գրելու ժամանակ), այդ թիվը հասնում էր մոտ քսան և հինգի, դրանցից 10 հոգին վարդապետներ ու աբեղաներ էին, իսկ մնացյալը սարկավագներ, տիրացուներ և եկեղեցու այլ սպասավորներ։

Այդ ժամանակից սկսած վանքի միաբանությունը առավել նվազել է, քան թե ավելացել, թեպետ վանքը, ընդհակառակը ավելի բարեկարգվել ու հարստացել է։

Այսպես, օրինակ, այժմյան վանահայր Կարապետ վարդապետի օրոք, որը հիշյալ Հովհաննես վարդապետից հետո՝ երկրորդ թե երրորդ վանահայրն է, վանքի միաբանությունը ընդամենը 15 թե 10 հոգուց է բաղկացած։

Ինչո՞ւ համար է Սևանի միաբանությունը հետզհետե նվազում, պատճառը շատ պարզ է, որովհետև նախկին կուսակրոնները մեռան, իսկ նրանց հավատն ու ջերմեռանդությունը չժառանգեց ոչ ոք։ Մյուս կողմից էլ ապահովության և անդորրության շնորհիվ աշխարհի հրապույրները բազմանալով՝ զգալ տվին մարդկանց, որ ավելի քաղցր է աշխարհին ծառայել և ներկայի բարիքը վայելել, քան հանդերձյալի հույսով Սևանի ավանդական և դժվարատար ճգնությունները զգենուլ…։