Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերջինս ութ տարի վանահայրություն անելուց հետո յուր մի քանի ուղեկիցներով հանդերձ Ցամաքաբերդ գյուղում գերի է ընկնում լեգզի ասպատակների ձեռքը, որոնք տանելով վաճառում են նրան Ղզլար քաղաքում։ Ազատվելով այդտեղ տեղացի հայերի ձեռքով՝ այնուհետև Գրիգոր վարդապետը սկսում է ժողովավարություն անել իր գերեկից եղբայրներին ազատելու նպատակով, որը և նրան հաջողվում է։ Բայց նույնիսկ այդ կողմերում մեռնելով՝ չէ կարողանում վերադառնալ Սևան։

Այս վանահոր մահը հիշվում է 1805 թվականին։

Այնուհետև մի քանի տարի Սևանը գրեթե մնում է անհոգության մատնված։ Շուտով վրա է հասնում և Դանիել ու Դավիթ կաթողիկոսների խռովությունը։ Այդ բոլոր ժամանակ ևս Սևանը մնում է անգլուխ, բացի այդ, պարսկական անկարգ իշխանության և հաճախ պատահող ասպատակությունների շնորհիվ Սևանի շրջակաները վաղուց դատարկված լինելով՝ ժողովրդից՝ վանքը հետզհետե աղքատանում և միաբանությունը մեծ կարոտության մեջ է ընկնում։ Ուստի անդամներից ոմանք հեռու տեղեր շրջագայելով և ժողովարարություն անելով, հազիվ են կարողանում միաբանության համար ապրուստ հայթայթել։

Վերջապես կաթողիկոսական խռովությունների դադարելուց հետո, Դանիել կաթողիկոսը Մարաղայից վերադառնալով Էջմիածին, ուշադրություն է դարձնում ի միջի այլոց նաև Սևանի միաբանության թշվառ վիճակի վրա. կարգում է այնտեղ վանահայր Գանձակի Ոսկանապատ գյուղացի Սարգիս վարդապետին, միևնույն ժամանակ կոնդակով իրավունք տալով նրան՝ վանքը բարեկարգելու համար Թիֆլիսում և նրա շրջականերում ժողովարարություն անելու։

Այս վանահայրն էլ իր կարողացածին չափ բարեխղճությամբ տասն ու մեկ տարի վանքը կառավարելուց հետո, հրաժարվում է իր պաշտոնից։ Եփրեմ կաթողիկոսի հրամանով նրան հաջորդում է Ղազախի Նաղաջուր գյուղից ոմն Հովհաննես վարդապետ, որ յուր ժամանակին (1830—1836) զանազան բարեկարգություններ է անում Սևանում և վերահաստատում է վանքի կալվածական իրավունքները։ Սրա