Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամանակ և վանքը հանդերձատան վերակացուն[1]։ Ինքը ազգով քուրդ է և հայ մկրտված. 45 տարի է, ինչ գտնվում է Սևանում։ Հին, բարեպաշտ հայ եկեղեցականի տիպար կարող է համարվել։ Աշխարհն այնքան քիչ է ճանաչում, որ փուդի ու վերստի վրա գաղափար չունի։ Հանդերձատուն մտած ժամանակից ընկերոջս ամուսինը նրա դուստրն էր կարծում, չնայելով որ երկուսն էլ միատեսակ երիտասարդներ էին։ Հայր սուրբը, երևի, այն հավատն ուներ, թե միայն հայրն ու աղջիկը կարող են ուրիշների ներկայությամբ ազատ շրջել ու խոսակցել և ոչ երկու ամուսիններ։

Ծերունի Իգնատիոս հայր-սուրբի հետ ծանոթացա նրանով, որ յուր խուցի առջևից անցնելու ժամանակ հրավիրեց ինձ ներս և խնդրեց կարդալու լատիներեն մի դեղատոմս և ասելու, թե ի՞նչ հիվանդության համար է նա գրված։ Ես, իհա՛րկե, առանց կարդալու պատասխանեցի թե՝ այն հիվանդության համար, որի մասին գանգատվել եք դուք բժշկին։

— Էհ, որդի, չեմ հիշում, թե ի՞նչ ցավի համար եմ գանգատվել, — պատասխանեց հայր-սուրբը,— բայց այժմ ոտքերս են ցավում, տեսեք, կարող եմ այս դեղերը գործածել։— Այս ասելով, նա ցույց տվավ ինձ մի քանի հատ թղթիկներ, որոնց միջի փոշին հնությունից արդեն քարացել էր։

— Դրանք հնացել են և օգնելու տեղ կարող են վնասել,— զգուշացրի հայր-սուրբին։

— Չէ, որդի, շատ չեն հնացել․ հապա տես, դեղատոմսի վրա թվական չկա,— հարցրեց նա։

Նայեցի և այդ թվականը 1879 հունիս ամիսն էր․ ուրեմն ճիշտ 12 տարվա դեղատոմս ու դեղեր էին, որ Իգնատիոս հայր-սուրբը զգուշությամբ պահելով յուր ճգնարանում, այդ օրը ուզում էր խարջել։

  1. Այս հանդերձատունն էլ, որը, ինչպես առաջ հիշեցի, միևնույնն է թե վանքի թանգարանն է, աչքի ընկնելու ոչ մի հնություն չունի իր մեջ, բացի մի քանի խաչերից ու մասունքներից։ Կան այստեղ, արդարև, շատ շուրվաններ, արծաթե բուրասներ, սկիհներ, մեռոնի ափեր, աղավնի, սաղավարդներ և այլն, բայց բոլորն էլ նոր ժամանակի գործ և շատերն էլ յարմարկի ապրանք, ինչպես, օրինակ, սկիհները, որոնց շատերի շուրջը ռուսերեն է գրված։
    Ծանոթ․ հոդ.