Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խորհուրդ տվի նրան դեն ածել այդ փոշիները, բայց նա՝ «Ինչո՞ւ դեն ածեմ, որդի, կարող է հարկավորվել» ասելով, փաթաթեց նրանց զգուշությամբ և դրեց մի գրքի մեջ։ Ես ծիծաղելով դուրս գնացի հայր-սուրբի խուցից։

Երիտասարդ վարդապետներից ծանոթացա միայն բարեկրոն Խորեն աբեղայի հետ, որը եղածների մեջ ավելի գրականությամբ պարապողն էր երևում և մինչև անգամ մի փոքրիկ գրատուն էլ ուներ սարքած, իհա՛րկե նորագույն գրքերից։

Վանահորից հետո, Սևանա անապատի բոլոր միաբանության մեջ ամենից ավելի հեղինակություն ունեցող անձը Սողոմոն սարկավագն է։ Սա բնիկ թիֆլիսեցի է, Օքոյանց ազգանունով։ Տարիքը վաթսուն, կամ գուցե մի բան ավելի, կամ պակաս լինի. 45 թե 46 տարի է, ինչ գտնվում է Սևանում։ Թե ինչո՞ւ մինչև այժմ չի ցանկացել վարդապետ ձեռնադրվել, ինքը գիտե. մեր կարծիքով, գուցե նրա համար, որ ավելի ազատ լինի յուր գործունեության մեջ։

Այս սարկավագը վաղուց կարգված է Սինոդից վանահոր օգնական, և այդ պաշտոնին արժանի է ըստ ամենայնի։ Ինքը, չնայելով, որ բավական հասակավոր է, այնուամենայնիվ չափազանց ժիր և գործունյա մի մարդ է։ Թեպետ նրա հայտնի պաշտոնն է՝ հսկել վանքի կալվածների վրա և նրանց եկամուտը ժողովել, և երբեմնապես գնալ Թիֆլիս միաբանության համար հագուստ կամ այլ կարևոր պիտույքներ գնելու, բայց իսկապես նաև Սևանա վանքի գլխավոր կառավարիչն ու տերն է։

Միաբանության դժվար ձեռք բերելի եկամուտը, իհա՛րկե, վարդապետներն են հավաքում, ինչպես, օրինակ՝ ոչխար, ձեթ, պանիր, ցորեն և այլն դրանց համար խեղճ վարդապետները սարերն են բարձրանում, ձորերն են իջնում, դաշտերն ու գյուղերն են չափում։ Բայց այդ բոլորը վանքը մտնելուց հետո ենթարկվում են սարկավագի իշխանության։ Դրամական բոլոր գործերը նույնպես այս սարկավագի ձեռքովն են անցնում։ Ճշմարիտ է՝ այս բոլոր գործերում վանահորը մեկը պիտի օգնե, բայց այդ օգնողը իսկապես օգնական պիտի լինի և ոչ թե տեր։

Չի կարելի ուրանալ, որ Սողոմոն սարկավագը վերին