Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Պանիր չէ, հա՛, բիշկեթ-կատլետ չես ուզի՞,— ասաց Արտեմն այս անգամ արդեն առանց կատակի։— Անտեր մունդռիկ, ղորթ խո փող չեմ կտրում։ Դե, փեշդ բաց արա ու ընչ որ կտամ, ձեն չհանես, թե չէ...

Պառավը մի քայլ մոտեցավ որդուն և փեշը դեմ արեց՝ աչքերն անհամբեր տնկած նրա ձեռքին։

Արտեմը բաց արեց բուռը, մեկ-մեկ ջոկեց սպիտակ դրամները, գրպանն ածեց և մնացած սև փողերը թափեց մոր փեշը։

— Հը՛, էլ չասես, թե փիս տղա ունես։

— Վո՛ւյ, չէ՛, չէ՛, լավն ես, լավը, Արտեմ ջան։ Վո՛ւյ, արևդ ապրի, Արտեմ ջան։ Վույ, խնդաս ու մխիթարվես, Արտեմ ջան։

Պառավը նորից նստեց դռան շեմքին, գոգը բաց արեց և սկսեց համրել դրամները։ Ուրախությունից ձեռքերը դողում էին։

Արտեմն ինքն ուրախացել էր նրա ուրախության վրա։ Նա պպզեց մոր առջև և ժպտերես նայեց նրա դեմքին։

— Հը՛, տվի՞, թե չէ,— հարցրեց։

— Տվիր, Արտեմ ջան։ Վո՛ւյ, դու շատ ուրախանաս, ոնց որ ինձ ուրախացրիր։

Արտեմը ծիծաղեց, թեթևակի խփեց մոր ծնկանը, վեր թռավ պպզած տեղից և հեռացավ լայն ու չափավոր քայլերով, որի ժամանակ նրա շալի չուխայի ծանր փեշերը ծափ էին տալիս երկարաճիտ չուստերին։

* * *

Անցավ մոտ երկու շաբաթ։

Պառավ Մարանն ապրում էր էլի այնպես, ինչպես առաջ։ Արտեմի տված փողերն ինչքան էլ որ խնայողաբար էր ծախսել, էլի շատ շուտ էին հատել։ Պառավը զարմանում էր, որ այդ փողերով ոչ մի փոփոխություն չէր կատարվել իր կենցաղի մեջ։ Նրա ստացած միակ շոշափելի օգուտն այն էր, որ այդ dամանակամիջոցում տասը-տասնհինգ ձու էր ետ գցել թուխս նստեցնելու համար։

Մի օր Արտեմը կրկին եկավ։ Սովորաբար, երբ տունը միտն էր գցում, գալիս էր կեսգիշերից անց, շատ անգամ