Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


առանց որևէ աղետալի հետևանքի, որից հետո մարդ ու կին էլի առաջվա պես ջան էին ասում, ջան լսում։

Աղա Մարտինը և տիկին Անանին վաղուց հաշտվել էին իրենց մազազուրկ և սպիներով այլանդակված գանգերի հետ, այնպես որ, մինչև անգամ կարծում էին, թե մարդկային գանգերն առհասարակ այդպես էլ պետք է լինեն, ուրիշ կերպ լինել չի կարող։ Ուստի շատ էին զարմացել, որ իրենց մինուճար աղջիկը և մինուճար տղան լույս աշխարհ էին եկել բոլորովին այլ տեսակ գանգերով - փափուկ, փայլուն գանգուր մազերով ծածկված, այնպես որ տեսնողը կասեր.— երանի ձեր տիրոջը, ի՜նչ լավիկներն եք։

Եվ իսկապես, շատ լավիկն էր թե՛ աղջիկը, որին Լիզոչկա էին անվանում, և թե՛ տղան, որի անունը Վանիչկա էր։ Դեռ փոքր հասակից ծնողները թողել էին նրանց իրենց ազատ կամքին. երբ ուզեին՝ դպրոց կգնային, երբ չէ՝ չէին գնա. նրանց կամքը հրաման էր ծնողների համար։ Դեռ քսան տարեկան գիմնազիստ էր Վանիչկան, որը կյանքի բոլոր հաճույքները վայելել էր, սկսած գիշերային ռեստորաններից, այգիներից մինչև կանանց ննջարանները։ «Էդ է, էլի, էշը դատի, ձին ուտի»,— ասում էր հայրը, երբ նա դանակը դնում էր հոր բկին, թե ուզես չուզես, պիտի փող տաս։ Ու երբ գիմնազիայից նրան վռնդեցին իր լավ վարքի և գերազանց ընդունակությունների համար, նա այնպիսի մի անպատում թեթևություն զգաց, որպես թե մի կարևոր ծանր բեռ ցած գցեց մեջքից։ Այժմ արդեն բոլորովին ազատ էր ինչպես ծիտը և իր նման ուրիշ ծտերի հետ քեֆ էր անում ո՛րտեղ և ի՛նչպես որ ուզում էր սիրտը։

Աղա Մարտինը տեսավ տղայի սանձն արդեն շատ է բաց թողել և ուզեց մի քիչ քաշել։ Բայց քյոհլան ձիու պես արշավող Վանիչկան այդպիսի բաների սովոր չէր, և փրփուրը բերանին, աչքերից կրակ թափելով, ծառս ելավ.

— Ասում եմ տո՛ւր, պապա։

— Չեմ տա։

— Տո՛ւր, ասում եմ, պապա։

— Էլ չեմ տա, մինչև խելքի չգաս։

— Էլի եմ ասում, պապա, տո՛ւր։