Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



— Ուզում ես հազար անգամ ասա։ Հերիք է, ինչքան փողերս տարար քամու տվիր։

— Տուր, պապա, թե չէ կփոշմանես։

— Ղուո՞րթ։

Եվ աղա Մարտինը մի կուշտ ծիծաղեց։

— Պապա, դու ծիծաղում ես, բայց իմ ծիծաղը չի գալիս, ես լուրջ բան եմ ասում, կփոշմանես։

— Դե կո՜րի հա, շան լակոտ,— հանկարծ պայթեց պապան։— Սատկես էլ, էլ մի սև գրոշ չեմ տա, որ աչքդ կոխես։ Հերիք է, ասում եմ, դառը քրտինքով դատած փողերս տանես քեզ պես ավարեքի հետ քոռուփուչ անես։ Կո՛րի աչքիցս, թե չէ, չեմ գիտի ի՛նչ կանեմ։

Վանիչկան մի րոպե լուռ ու անսասան նայեց հոր շառագունած դեմքին, հետո մի բառ միայն արտասանեց, որքան խորհրդավոր, նույնքան և սպառնալից մի բառ.

— Լա՛վ...

Ասաց ու գնաց։ Գնաց ու կորավ։ Չերևաց ոչ այդ օրը, ոչ էլ ամբողջ գիշերը։ Այդ բանը շատ էլ չանհանգստացրեց ծնողներին, որովհետև Վանիչկան շատ հաճախ ամբողջ օրով ու գիշերով կորչում էր և լուսադեմին էր միայն տուն գալիս քնելու։ Բայց հետևյալ օրը լուսացավ, ճաշ դառավ, գիշերը վրա հասավ, էլի լուսացավ, Վանիչկան չկար ու չկար։ Այս անգամ արդեն լուրջ անհանգստություն տիրեց ծնողներին։ Մարդիկ ղրկեցին, իրենք ընկան դես-դեն, մինչև անգամ աղջկան էր ղրկեցին ծանոթ-բարեկամների մոտ հարցուփորձ անելու, Վանիչկան ոտքով-գլխով կորել էր։

Երբ որոնումները միանգամայն ապարդյուն անցան և հույսները բոլորովին կտրեցին, նոր միայն տիկին Անանին սկսեց վայ տալ որդու կորուստը.

— Վա՛յ, քոռանամ ես, անպատճառ գլխին մի բան է բերել, անպատճառ իրան Քուռն է գցել խեղդվել։ Վա՛յ, կուրանան քու մոր աչքերը, որդի ջան, էս ինչ սև՛ օրի կա նգնեցրիր ինձ։

Ասում էր ու մեկ գլխին, մեկ ծնկներին տալիս։ Հետո վրա պրծավ մարդուն.

— Ա՜խ, ա՛յ մարդ, ի՞նչ ասեմ քեզ, որ սիրտս հովանա։ Հավիտենական կրակ գցեցիր սիրտս, հավիտենական կրակով